«Քիչ առաջ դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ քննիչի հետ եկել էինք իմ պաշտպանյալի՝ քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանի մոտ: Հիշում եք, որ օրեր առաջ նա ձերբակալվեց, հետո կալանավորվեց ատելության խոսքի մեղադրանքով, եւ դրանից 2 օր առաջ մենք տեսանք, թե ինչ է իրականում ատելության խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18–ին «շփումներ» էր ունենում տարբեր քաղաքացիների հետ՝ բժշկուհու հետ, արցախցի Արթուր Օսիպյանի հետ, դիմում էր Զարուհի Փոստանջյանին եւ այլն: Մենք ամեն օր բարձրացնում էինք այդ հարցը, որ եղբայր, մի հատ բացատրեք՝ ինչ է ատելության խոսքը, Արտակի խոսքի կողքին Նիկոլ Փաշինյանի խոսքը դրեք, ու հասկացեք, որ եթե նա ատելության խոսք է, բա սա ինչ է»,- ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նրա ձեւակերպմամբ, Արտակ Ավետիսյանի գործով հետաքրքիր զարգացում կա. «Մենք պետք է այցելեինք Արտակին, եւ մեղադրանքը պետք է փոխվեր: Փաստորեն, նույն ձայնագրությունը, որն առաջ որակվում էր որպես ատելության խոսք, հիմա արդեն որակվում է խուլիգանություն, խուլիգանությունը ռեժիմի սիրած հանցակազմն է… Լրիվ նույն ձեւով է, ինչ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի պարագայում: Իրենց դեպքում էլ քաղաքական քննադատությունը որակեցին խուլիգանություն: Ես ձեզ կարճ ասեմ, որ ցանկացած հետսովետական ռեժիմի ժողովրդավարության աստիճանը կարելի է տեսնել, թե ինչպես են իրենք դիտում խուլիգանության հանցակազմը:
Ի դեպ, Հայաստանում 2010-ականներին Վճռաբեկ դատարանի որոշումներով խուլիգանության հանցակազմը փոքր մի բան էր դարձել: Անձնական որեւէ հարաբերություն խուլիգանություն չի կարող լինել, մարդկանց մտքով չի էլ անցել, որ քաղաքական խոսքը կարող է խուլիգանություն որակվել, իսկ հիմա ցանկացած քաղաքական խոսք, եթե այլ բան չեն կարողանում անել, անունը դնում են խուլիգանություն»։
Ռուբեն Մելիքյանը օրինակ բերեց Նիկոլ Փաշինյանի պաշտպանողների խոսքերը, որոնք տարածված են համացանցում, սակայն երբեք խուլիգանություն չեն դիտվում:
Դառնալով Արտակ Ավետիսյանի գործին, նա հավելեց. «Եվ այսպես վերաորակավորում իրականացվեց, այժմ ատելության խոսքի հանցակազմը որոշել են հանել Արտակի վրայից, դրա փոխարեն դնել խուլիգանության հանցակազմը, ինչն անսպասելի չէր մեզ համար»:
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: