Տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը բուկլետները ձեռքին մոտենում Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում բնակվող արցախցի 9 զավակների մայր Արեւիկ Գրիգորյանի տանը՝ քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Արցախցի կինը թույլ չի տալիս մտնել իրենց անձնական տարածք։ Սակայն Տավրոս Սափեյանը շարունակում է մոտենալ՝ բարձրանալով տան աստիճաններով եւ հարցնում. «Ես արժանի՞ եմ այդ վերաբերմունքին»։ Արեւիկ Գրիգորյանը պատասխանում է, թե իրեն հարգում է, բայց «Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, թե ով ինչ քաղաքականություն է վարում»։
«Մարդ անաղուհաց չի լինում,- ասում է Տավրոս Սափեյանը։- Էս տունը, որ բնակվում եք՝ ո՞ւմն է»։ «Տունը իմն է այս պահին»,- արձագանքում է Արեւիկ Գրիգորյանը։ «Ո՞վ է տվել այդ տունը»,- Թալինի համայնքապետի հարցին արցախցի կինը պատասխանում է. «Գումարը տվել է պետությունը, ոչ թե անձամբ ինչ որ մարդիկ իրենց գրպաններից»։ Տավրոս Սափեյանը հայտարարում է. «Պետության գլխին կանգնած ենք մենք եւ պարոն Փաշինյանը։ Իսկ այդ ձեր տան երեխաներին ո՞վ է օգնել առաջին օրը»։ Արեւիկ Գրիգորյանն ասում է, թե շնորհակալ է այն մարդկանց, ովքեր օգնել են, բայց իրենց հետաքրքիր չէ քաղաքականությունը։
«Տեսեք՝ այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում,- արձագանքում է Տավրոս Սափեյանը։- Կգաք, կդիմեք, ձեզ Ռուսաստանի տոմս կտանք»։ Արեւիկ Գրիգորյանը պատասխանում է. «Ես ասացի՝ գնացեք, մեզ հետաքրքիր չի ոչ մի քաղաքական ուժ… Ինչո՞ւ եք սպառնում, ի՞նչ ենք արել։ Չենք ընդունում, վերջ։ Ոչ մեկին չենք ընդունում մենք՝ որ ուժը ուզում լինի։ Մեզ համար բոլորը միևնույնն են։ Այսօր որ մենք հայրենիք չունենք ու Հայաստանն էլ կիսով չափ չկա՝ մեզ համար միևնույն է՝ ով ուզում լինի, որ ուժն ուզում է՝ լինի.. Ամեն գյուղ մտնելով սպառնալով գնում եք»։
Միջադեպից հետո Արեւիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իմ տան տարածքում փորձեցին իմ կարծիքն ու մտածելակերպը իմանալ ընտրությունների հետ կապված։ Քանի որ մենք որևէ քաղաքական ուժի հետ կապ չունենք, և ինձ նաև հաճելի չէ իրենց տեսնել իմ տարածքում, ես խնդրեցի հեռանալ։ Բայց, ինչպես տեսնում եք, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը պնդեց, որ պիտի մոտենա ու խոսի։ Ես ևս մեկ անգամ խնդրեցի, որ գնան, բայց նրանք մոտեցան ու սպառնալից փորձեցին ինչ-որ բան հասկացնել։
Սիրելի հայրենակիցներ, քանի որ Արցախն ու Հայաստանն իմ հայրենիքն են, ես չեմ կարող ուրանալ մեր տղերքի թափած արյունը։ Մեր տան պատից կախված հերոսների նկարները, տանը կախված Արցախի դրոշն ինձ պարտավորեցնում են, որ ես չընդունեմ այն մարդկանց իմ տարածքում, ովքեր ուրացել են, ովքեր Արցախ են նվիրել, ովքեր արժանապատվություն չունեն, ովքեր չեն ընդունում իմ հայրենիքը։
Եթե ես թույլ տամ, որ նրանք մտնեն իմ տուն, կնշանակի՝ ես ինքս արժանապատվություն չունեմ, կնշանակի դավաճանել եմ նահատակված տղաներին։
Հիմա մի բան կասեմ․ ովքեր ուզում են՝ թող թերագնահատեն, ովքեր ուզում են՝ թող վատաբանեն, բայց ես ցանկանում եմ, որ իմ երեխաները արժանապատիվ մեծանան, երբեք ու ոչնչի դիմաց չվաճառեն իրենց հայրենիքը։ Ես ցանկանում եմ արժանապատիվ Հայաստանում, հայրենիքում մեծացնել իմ երեխաներին։
Եթե պատերազմից հետո իմ հայրենիքում՝ Հայաստանում, ինձ օգնել են, դա դեռ չի նշանակում, որ ինձ կաշառել են կամ ես պարտավորվածություն ունեմ որևէ մեկի առաջ։ Ես միայն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր Հայաստանցի ու Արցախցի չեն բաժանում, ովքեր ապրում են միմյանց ցավով ու ուրախանում միմյանց ուրախությամբ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: