«Այսօր դժվար է գտնել մեկին, ով առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում գոնե մի անգամ չի լսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին: Վերջին տարիներին այս տերմինը վերածվել է հանրային օրակարգի կարևորագույն հարցերից մեկի։ Այնքան կարևոր, որ դրա շուրջ են կառուցվում քաղաքական բանավեճեր»,-ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. Ռազմավարությունից մինչեւ մարտավարություն» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ։
«2020 թվականի պատերազմից հետո ժամանակաշրջանը չնայած Հայաստանում մեկնաբանվում է որպես խաղաղության դարաշրջան, Ադրբեջանում բոլորովին այլ կերպ է մեկնաբանվում։ Այնտեղ առկա հիմնական խոսույթները մեծ մասամբ հակահայկական են, որոնց մեջ առանձնացնում եմ մեկը, որն իր մեջ ներառում է մնացած բոլոր պահանջները եւ հիմնական գործիքն է Հայաստանի Հանրապետության դեմ։ Դա արևմտյան Ադրբեջան ծավալապաշտական հայեցակարգն է, որի բաղադրիչ է նաև, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
Ադրբեջանում դրա տակ հասկանում են ծրագիր, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ներկայիս գրեթե ողջ տարածքը որպես պատմական ադրբեջանական կամ թուրքական հող։
Պանթուրքական արմատներ ունեցող այս մոտեցումը մշտապես առկա է եղել նաև հետխորհրդային Ադրբեջանի քաղաքական խոսույթում։ Առաջին անգամ արևմտյան Ադրբեջանի մասին պետական մակարդակով սկսել է խոսել դեռ Հեյդար Ալիեւը։ Այս ժառանգությունը, ինչպես որ մնացած ամեն ինչը Ադրբեջանում, փոխանցվել է իր որդուն՝ Իլհամ Ալիեւին։ Բայց ի տարբերություն հոր, Իլհամի ժամանակ խոսք է գնում այն մասին, որ «Արեւմտյան Ադրբեջանը» ոչ թե պատմական ժառանգություն. հիշողություն է, որը պետք է իմանալ, որի մասին խոսել, երբեմն երազել, այլ արդեն ռազմավարական նպատակ է եւ քաղաքականություն։ Այսինքն, ի տարբերություն հոր, որդին սա ձեւակերպում է որպես քաղաքական ծրագիր։
Ադրբեջանը միջազգային հարթակներում ինքն իրեն դիրքավորում էր որպես տարածքային ամբողջականության սկզբունքի աշխարհի չեմպիոն։ Բայց դա չէր խանգարում, որ զուգահեռ խոսեր «Արեւմտյան Ադրբեջանի» մասին։ Այս մոտեցման մեջ ի՞նչ փոխվեց 2020 թվականից հետո։ Ադրբեջանը դադարեց խոսել տարածքային ամբողջականության մասին։ Նա հիմնականում խոսում է այսպես կոչված պատմա-աշխարհագրական ռեվիզիոնիզմի մասին՝ ասելով, որ Ադրբեջանի սահմաններն այսօր լիարժեք չեն արտացոլում Ադրբեջանը, իրականում բազմաթիվ ադրբեջանական տարածքներ գտնվում են Ադրբեջանի սահմաններից դուրս։ Սա հուշում էր, որ 2020-2023 թվականներից հետո որեւէ կերպ հակահայկականությունը չի դադարելու։ Եվ այդպես էլ եղավ։
2020 թվականից հետո սա դարձավ պետական գլխավոր երեք գաղափարախոսություններից մեկը եւ ներքին, եւ արտաքին սպառման տեսանկյունից։ Եվ համակարգային ինստիտուցիոնալ գործունեություն ծավալվեց։ Այդ գործում հիմնական համակարգողը Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է։
«Արեւմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգն ունի թե ներքին, թե արտաքին սպառման նշանակություն։ Եվ եթե այս գաղափարախոսությանը մոտենում ենք որպես ներքին սպառման երեւույթ, չենք տեսնում դրանից բխող բոլոր սպառնալիքները եւ դրա շրջանակներում իրականացված տարաբնույթ ծրագրերը։
«Արեւմտյան Ադրբեջանի՞ գաղափարախոսության ինստիտուցիոնալիզացման ինտենսիվացումը սկսվել է 2020 թվականից հետո եւ խաղաղության գաղափարախոսությանը ոչ մի կերպ չի համապատասխանում։ Կա գործնական հարձակում Հայաստանի վրա եւ կա Հայաստանի բացահայտ զիջում։
«Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգը ենթադրում է բազմաբաղադրիչ ծրագիր։ Դրա կարեւորագույն մասերից է վերադարձի հայեցակարգը, որտեղ բառացիորեն գրված է, որ նաեւ պետք է ապահովվի իրավական դաշտ, այն հարմարեցվի վերաբնակիչներին, պետք է տեղի ունենա տեղանունների փոփոխություն՝ ոստիկանական ու քաղաքացիական կառավարման լիազորության միջազգային կառույց պետք է տեղակայվի Հայաստանում եւ այլն։ Այսինքն, սա Ադրբեջանի պետական պաշտոնական ծրագրի մաս է։
«Արեւմտյան Ադրբեջան» արհեստական հայեցակարգը ծրագիր է գործողության մեջ։ Այսինքն, սա ոչ թե զուտ խոսք է, միայն ծրագիր է, այլ իրականում գործողության մեջ ծրագիր է, որի մասին 2023 թվականից Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ խաղաղության նախապայմաններից մեկն է։
Եվ այս ամենից հետո սահմանազատումը, անկլավների արդարացումը եւս «Արեւմտյան Ադրբեջանի՞ ծրագրի մի մասն է»,-ասաց Վարուժան Գեղամյանը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: