Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ շատ հարցերում առաջընթաց է գրանցվել, բայց համաձայնագրի կնքումը դեռ մոտ չէ

Իրանը հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման են հասել պատերազմի ավարտի համաձայնագրի շուրջ առաջարկների փոխանակումների ժամանակ, սակայն զգուշացրել, որ համաձայնագրի կնքումը դեռ մոտ չէ, գրում է France 24-ը։

«Ճիշտ է ասել, որ մենք եզրակացության ենք եկել քննարկվող հարցերի մեծ մասի վերաբերյալ։ Բայց ասել, թե սա նշանակում է, որ համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է՝ ոչ ոք չի կարող նման պնդում անել»,- ամենշաբաթյա ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ Վաշինգտոնին մեղադրելով  դիրքորոշումները փոխելու մեջ։

Նա նշել է, որ միջուկային հարցերը կքննարկվեն միայն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, նաև զգուշացրել, որ Իսրայելը կարող է փորձել խաթարել բանակցությունները։ Բաղային նաև հայտարարել է, որ Թեհրանը վճարներ է գանձում ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով անցնող նավերի «նավագնացության ծառայությունների» համար, այլ ոչ թե վճարներ է սահմանում։

«Մատուցվող ծառայությունները, բացի Հորմուզի նեղուցի, Պարսից ծոցի և Օմանի ծովի շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումներից, պահանջում են որոշակի վճարների գանձում»,- ասել է Բաղային։

Նա նաև հստակ արտահայտվել է միջուկային խնդրի վերաբերյալ։

«Այս փուլում մենք չենք խոսում միջուկային հարցի մասին, մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա։ 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա»,- ասել է նա։

Բաղային հաստատել է, որ եթե փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես կնքվի, դրա որոշ մանրամասներ և այլ թեմաներ, այդ թվում՝ միջուկային հարցը, կբանակցվեն հաջորդ 60-օրյա ժամանակահատվածում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment