Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն XIV պապն ուղերձ է հրապարակել, որը, ի թիվս այլ բաների, նվիրված է արհեստական ​​բանականությանը: «Magnifica Humanitas. Մարդկային անձի պաշտպանության մասին արհեստական ​​բանականության դարաշրջանում» վերնագրված փաստաթուղթը հրապարակվել է Վատիկանի կայքում, գրում է The Insider-ը։

«Մարդկությունը, որը ստեղծվել է Աստծո կողմից իր ամբողջ վեհությամբ, այսօր կանգնած է վճռական ընտրության առաջ. կա՛մ կառուցել նոր Բաբելոնի աշտարակ, կա՛մ կառուցել մի քաղաք, որտեղ Աստված և մարդկությունը կբնակվեն միասին»,- նշվում է ուղերձում։

Հռոմի պապը նշում է, որ արհեստական ​​բանականությունը «բնույթով չար» կամ «մարդկությանը թշնամական ուժ» չէ: Այնուամենայնիվ, ըստ նրա, «տեխնոլոգիան երբեք չեզոք չէ, քանի որ այն ստանում է նրանց բնութագրերը, ովքեր մշակում, ֆինանսավորում, կարգավորում և օգտագործում են այն»։

Հռոմի պապը պնդում է, որ չպետք է թույլատրել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները կենտրոնացնել մի քանիսի ձեռքում, քանի որ դա ավելի կխորացնի թվային հեղափոխության մեջ ընդգրկվածների և բացառվածների միջև եղած անջրպետը։ Տեխնոլոգիայի օգտագործումը պետք է ենթարկվի հանրային վերահսկողության, «որպեսզի առաջնորդող սկզբունքը լինի ոչ միայն շահույթը, այլև յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը և բոլորի ընդհանուր բարօրությունը»։ Ըստ Լևոն XIV-ի՝ արհեստական ​​բանականությունը պետք է զինաթափվի։ Այս զինաթափումը ենթադրում է մերժել այն գաղափարը, որ «տեխնոլոգիական ուժը ավտոմատ կերպով տալիս է կառավարելու իրավունքը»։

«Զինաթափումը չի նշանակում տեխնոլոգիայից հրաժարվել, այլ կանխել դրա գերիշխանությունը մարդկության վրա»,- նշում է նա։

Տեխնոլոգիան կարող է մեղմել մարդկային տառապանքը և բացել նոր հնարավորություններ, բայց այն չպետք է ժխտի մարդկության էությունը, որը կայանում է «հարաբերությունների և սիրո ունակության» մեջ:

Հռոմի պապը նաև նշում է, որ շրջակա միջավայրի վրա նոր տեխնոլոգիաների ազդեցությունը չի կարելի անտեսել, քանի որ դրանք պահանջում են մեծ քանակությամբ էներգիա և ջուր։

«Magnifica humanitas-ը» Լևոն XIV-ի առաջին էնցիկլիկանն է, որը Հռոմի պապ է դարձել 2025 թվականի մայիսին։ Հինգ գլուխներից բաղկացած ընդարձակ փաստաթուղթը նաև անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են հղիության արհեստական ընդհատումը և էվթանազիան, կանանց և փոքրամասնությունների իրավունքները, ժողովուրդների գոյության իրավունքը, պատերազմը, միգրանտների նկատմամբ վերաբերմունքը, բազմամշակութայնության ճգնաժամը և կաթոլիկ եկեղեցու ներքին խնդիրները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment