Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինայի ռազմական և որոշումների կայացման կենտրոնները․ Լավրովը՝ Ռուբիոյին
Մայիսի 25-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարիա Ռուբիոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Սերգեյ Լավրովը պաշտոնապես տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող «ահաբեկչական հարձակումներին» ի պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերը համակարգված և հետևողական հարվածներ են հասցնում Կիևում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտներին և համապատասխան որոշումների կայացման կենտրոններին։
Սերգեյ Լավրովն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մայիսի 25-ի հայտարարության վրա, որում խորհուրդ է տրվել, որ Միացյալ Նահանգները, Կիևում առաքելություններ ունեցող այլ պետությունների հետ միասին, ապահովեն իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումն Ուկրաինայի մայրաքաղաքից։
Նախարարը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսին Անքորիջում ամենաբարձր մակարդակով ԱՄՆ առաջարկով ուկրաինական հակամարտության վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները և ափսոսանք հայտնել, որ եվրոպական էլիտաների և Կիևի ռեժիմի ջանքերը խաթարում են այդ համաձայնությունները, որոնք ճանապարհ են հարթել շահերի հավասարակշռության վրա հիմնված կայուն, երկարաժամկետ կարգավորման համար։
Կողմերը փոխանակել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների գնահատականները։ Լավրովը և Ռուբիոն հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը, չնայած հայտնի տարաձայնություններին, ակտիվացնել ջանքերը միմյանց տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանները կարգավորելու համար։