Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգելու՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված փաստաբան Հարություն Հարությունյանի միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի (լուսանկարում) նախագահությամբ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ այսօրվա դատական նիստում միջնորդություն էր ներկայացրել «Նաիրի Ինշուրանսը», որպեսզի հետաձգվի իր բաժնետոմսերի օտարման թույլտվության մասին միջնորդությունը։ Հիմնավորումն այն էր, որ փորձագետներին հանձնարարվել է գնահատել «Նաիրի Ինշուրանսի» օտարման ենթակա բաժնետոմսերի գինը։ Այս մասով միջնորդությունը բավարարվեց եւ դատարանը հետաձգեց այս միջնորդության քննությունը։

Երկրորդ միջնորդությունը ներկայացրել էր Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը։ Փաստաբանը խնդրել էր այսօրվա դատական նիստը հետաձգել, քանի որ անձամբ մասնակցում է գալիք ընտրություններին, մասնակցում է ընտրարշավին, ներգրավված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում եւ իր ընտրվելու իրավունքը արդյունավետ անցկացնելու պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Նա խնդրել էր հարգելի համարել իր բացակայությունը եւ նիստը հետաձգել։ Սակայն դատարանն այս միջնորդությունը մերժեց։

«Գործի քննությունը շարունակվեց այն կետից, երբ դատախազությունը մինչ այդ ներկայացրել էր մեկ միասնական հայցի հիմքի առարկայի փոփոխություն։ Մենք առարկել ենք այս միջնորդությանը, գտել ենք, որ այն չէր կարող ներկայացվել, որովհետեւ այստեղ պահպանվող շահը տարբերվում է։ Մասնավորապես, ի սկզբանե ուսումնասիրությունը սկսվել էր հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։ Այսինքն, բռնագանձման էր ենթակա ենթադրյալ հանցագործությամբ ձեռք բերված գույքը։ Մինչդեռ, հայցի առարկայի հիմքի փոփոխությամբ նաեւ երկրորդ նպատակն էր դրվել դատախազության կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարը։ Մեր խորին համոզմամբ, այս միջնորդությունը չպիտի թույլ տրվեր եւ հայցի առարկայի հիմքը չպետք է փոփոխվեր, որովհետեւ ի սկզբանե ուսումնասիրությունը չէր կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակներից ելնելով։ Հետեւաբար, եթե որեւէ գույք այդ գործով ենթակա է բռնագանձման կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, մեր կարծիքով պետք է առանձին ուսումնասիրություն սկսվեր, ուսումնասիրվեին այդ գույքերը եւ նոր միայն հայց ներկայացվեր։

Դատարանն այս մասով գործն ավարտեց եւ գնաց որոշում կայացնելու՝ միջնորդությունը բավարարել, թե չբավարարելու։ Այսինքն, որոշումով կամ կթույլատրի հայցի առարկայի փոփոխությունը, որ ներկայացրել էր դատախազությունը, կամ կմերժի»,-Aravot.am-ին ասաց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, Լեւոն Քոչարյանի եւ նրա տիկնոջ շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հունիսի 19-ին, կքննարկվի «Նաիրի Ինշուրանսի» հետ կապված հայցի ապահովումը ձեւափոխելու մասին միջնորդությունը, որից հետո, արդեն հուլիսի 13-ին նշանակված նիստով կշարունակվի գործի քննությունը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment