Ավելի քան 5 տասնյակ հասարակական կազմակերպություններ, հասարակական գործիչներ իրենց բողոքն են հայտնել արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կապակցությամբ` դա համարելով ապօրինի և անհամաչափ։ Նրան հայտարարություն են տարածել։
«Մենք անընդունելի ենք համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ վեճի ընթացքում Արթուր Օսիպյանին ուղղված հարցը․ «Ինչո՞ւ ես ողջ և չես զոհվել մեր տղաների փոխարեն»։ Նման ամբոխահաճո պահվածքը պետական գործչին անհարիր հռետորաբանության ցայտուն օրինակ է, որը, ամեն ինչից զատ, խորացնում է ներքաղաքական անհանդուրժողականությունն ու հանրության տարբեր շերտերի տարանջատվածությունը, նպաստում բնակչության ամբողջական խմբերի պիտակավորմանն ու ապամարդկայնացմանը»,– նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Արթուր Օսիպյանի ձերբակալությունն ու կալանավորումը ոչ միայն ստվեր են գցում հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրությունների վրա, այլև կասկածի տակ են դնում իշխող ուժի՝ մարդու հիմնարար իրավունքները հարգելու և երկրում քաղաքացիական համերաշխություն արմատավորելու պատրաստակամությունը։
Ուղերձի հեղինակները վստահ են, որ Արթուր Օսիպյանի հնչեցրած հարցերը անկեղծ պատասխաններ են ակնկալում, որոնք հետաքրքրում են ոչ միայն արցախցիներին, այլև ամբողջ հանրությանը։
«Մարդիկ փորձում են հասկանալ 2020–2023 թվականների շարունակական ողբերգությունների պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավերի դերն այդ ամենում։ Հնարավոր է, իհարկե, կալանավորել ծանր ու ցավոտ հարցեր բարձրացնողին, բայց անհնար է ի չիք դարձնել բուն հարցերը, ինչպես նաև կաթվածահար անել դրանց պատասխանները ստանալու՝ հանրության կամքն ու ցանկությունը: Այդ հարցերից ու դրանց շուրջ բանավիճելու հրամայականից հնարավոր չէ խուսափել այսօր ու հնարավոր չի լինելու նաև վաղը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հասարակական գործիչները համոզված են, որ միակ ելքն այդ հարցերի շուրջ քաղաքակիրթ երկխոսությունն է հանրության տարբեր շերտերի հետ:
Նրանք ՀՀ իշխանություններին կոչ են անում ժամ առաջ միջոցներ ձեռնարկել առկա լարվածությունը թոթափելու, համազգային-համապետական խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև մեր ոչ վաղեմի դժբախտությունների ու ողբերգությունների մասին կառուցողական քննարկումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Հասարակական գործիչները գտնում են, որ այդ ամենի առաջին քայլը կարող է լինել Օսիպյանին անհապաղ ազատ արձակելն ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, ինչպես նաև քրեական գործիքակազմի ապօրինի և անհամաչափ կիրառումը բացառելն ընտրական գործընթացում:
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 18-ին քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մեղադրեց Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նշեց, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ, Փաշինյանը սկսեց հակադարձել և հունից դուրս եկավ: Նա սկզբում ասաց, որ արցախցիները Ղարաբաղը չեն կառուցել, բոլորը թալանել են, ապա ընդգծեց՝ հպարտ է, որ Հայաստանն այդ թակարդից հանել է: Այս խոսակցությունից հետո քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։ Փաշինյանը շարունակեց բղավել բարձրախոսով. «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Sputnik Արմենիա