Հայկոյի որդին ԱՄՆ-ից առցանց միացել է դասընկերներին ու երգել «Վերջին զանգին»․ տեսանյութ

Լուսահոգի սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի և երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը այս տարի ավարտում է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, սակայն ներկայումս մայրիկի հետ գտնվում է ԱՄՆ-ում:

Չնայած հազարավոր կիլոմետրերի հեռավորությանը՝ տղան կարողացել է օնլայն ձևաչափով դառնալ արարողության մասնակիցը: Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է բացառիկ կադրեր դպրոցական միջոցառումից, որտեղ Արմանը օնլայն ձևաչափով ԱՄՆ-ից միացել է դասընկերներին և նրանց հետ համատեղ երգ կատարել դպրոցական բեմից։ Անահիտը վերհիշել է որդու անցած ողջ դպրոցական ճանապարհը, նա գրել է.

«Երեկ երեխաների «Վերջին զանգն» էր Երևանի Պուշկինի անվան դպրոցում… Այն դպրոցում, ուր Արմանը հաճախել է հենց առաջին դասարանից։ Ցավոք, մենք չկարողացանք ֆիզիկապես ներկա գտնվել այնտեղ, բայց մեր սիրտն այս օրը միևնույն է նրանց կողքին էր։ Այս կադրերը դիտելը նման է մի ամբողջ կյանք նորից ապրելուն՝ փոքրիկ տղա, առաջին դասարան, առաջին ելույթները… ու արդեն այսքան մեծացած։ Ժամանակը չափազանց արագ է անցնում։ Եվ երբեմն ամենաարժեքավոր պահերը հուշերն են, որոնք մնում են մեզ հետ ընդմիշտ»:

Երգչուհին իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել Արմանի դասղեկին, ով ամեն ինչ արել է, որպեսզի հեռավորության վրա գտնվող աշակերտը իրեն օտարված չզգա այս կարևոր տոնին. «Շատ շնորհակալություն մեր դասղեկին՝ այս անմոռանալի օրվա մի մասնիկը դառնալու հնարավորության համար։ Արևիկ Գուրգենովնա, մենք ձեզ սիրում ենք»։

 

 


Leave a comment