Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ. Արարատ Միրզոյանի պատասխանը

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ News.am–ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հայտարարությանը։
Այսօր Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով։

Լրագրողը Միրզոյանին հարցրել է` Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ։

«Իհարկե ո՛չ։ Բազմաթիվ անգամ ենք հայտարարել, որ գործընկերային, այդ թվում` ռազմավարական հարաբերություններ ունենք և հաստատում ենք տարբեր երկրների հետ, և մեր` տեսականորեն ցանկացած որևէ երկու հարաբերություն 3–րդ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նույն կերպ մեր և ԱՄՆ–ի, մեր և ԵՄ–ի հետ ռազմավարական գործընկերությունը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,– վստահեցրել է արձակուրդում գտնվող նախարարը։

Նրա խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։

Ինչ վերաբերում է հայկական մի շարք ապրանքների արտահանման արգելքի պատճառներին` նա նշեց` պետք է խոսել, հասկանալ և լուծումներ գտնել։

«Խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած երկրի հետ հարաբերություններում։ Մենք տրամադրված չենք մթնոլորտը է՛լ ավելի լարելու, սրելու։ Ծիրանի, գինու կամ օղու արտահանման խնդիրներ եղել են նաև 10 և 15 տարի առաջ։ Մենք գործընկերների հետ հարցերը կքննարկենք կառուցողական, առողջ մթնոլորտում, և հուսով եմ՝ կգտնենք լավ լուծումներ»,– ասել է Միրզոյանը:

Leave a comment