09:50 23.05.2026 (Թարմացված է: 10:05 23.05.2026)
Բաժանորդագրվել
Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Իրավապահները գիշերը ձերբակալել են «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։
Մինչ այդ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։ Դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին` ժամը 12:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։