«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները». Հակոբ Արշակյան

ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստում Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության, սահմանային կայունության եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին
Սանկտ Պետերբուրգում շարունակվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը:

Մայիսի 22-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստը, որի ընթացքում անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են մի շարք մոդելային իրավական ակտերի նախագծեր: Լիագումար նիստում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում:
Նրա խոսքով հռչակագիրը վերահաստատել է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաեւ միմյանց նկատմամբ ուժի կիրառման եւ թշնամանքի բացառումը:

«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները. սահմանին այլեւս չեն զոհվում մարդիկ, ինչը կարեւոր հիմք է տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության եւ փոխադարձ վստահության ամրապնդման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ վաշինգտոնյան հռչակագիրը սկիզբ է դրել նաեւ TRIPP տրանսպորտային հաղորդակցության նախագծին, որը Հայաստանում իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների լիարժեք պահպանմամբ:

Հակոբ Արշակյանի խոսքով հաղորդակցությունների լիարժեք բացումը եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առաջմղումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային առեւտրի ընդլայնման, տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացման, ներդրումների խթանման, ինչպես նաեւ լոգիստիկ, արդյունաբերական եւ զբոսաշրջային ոլորտների զարգացման համար:

«Այս նախաձեռնությունները կոչված են ապահովելու փոխադարձ տնտեսական օգուտներ տարածաշրջանի բոլոր երկրների համար եւ ձեւավորելու համագործակցության նոր միջավայր՝ հիմնված խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա»,- ընդգծել է նա:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետություններին նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջմղումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment