Անդրանիկ Թեւանյանը դեռ կարգավիճակ չունի, նրան անգամ ծանուցագիր չեն ուղարկել

«Ես որեւէ կարգավիճակ չունեմ այս շինծու գործի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանը։ Նա գնաց Քննչական կոմիտե՝ փորձելու հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ իրեն որեւէ ծանուցագիր չեն ուղարկել, անգամ զանգ չի եղել։

Այժմ իրավապահները խուզարկում են նրա ավտոտնակը։ Թեւանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ավտոտնակի խուզարկությանը, իր պաշտպանները կմասնակցեն։

Անդրանիկ Թեւանյանի տնից փաթեթավորված արկղեր առգրավվեցին։ Նա ասաց, որ չի կարող ասել, թե ի՞նչ են առգրավվել, քանի որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու պարտավորություն է ստանձնել։ Տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցության գրասենյակի, տան եւ ավտոտնակի խուզարկության մասով հակընդդեմ հայց է ներկայացնելու։

«Մայր Հայաստանին» պատկանող «7 օր» լրատվական կայքը ևս զրկվել է գործունեություն ծավալելու հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ի դեպ, Անդրանիկ Թեւանյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ականները իր բնակարան են կարողացել մտնել, քանի որ իր կինը բացել է դուռը, իսկ շքամուտք մտել են, ինչպես իրեն փոխանցել են՝ երբ հարեւանը բացել է դուռը, որ մտնի ներս։ Անդրանիկ Թեւանյանը նաեւ հավելեց, որ ԱԱԾ աշխատակիցները մտել են իր տուն, բայց քննչական գործողություններ սկսել են այն ժամանակ, երբ ինքը մտել է տուն։

Ինչ վերաբերվում է ԱԺ վիճելի դռնփակ նիստին, որտեղից ինքը ենթադրյալ գաղտնիքները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին, Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ չգիտի, թե ի՞նչ մասին է խոսքը եւ տարակուսեց․ «Այդ ի՞նչ պիտի ասեին, որ մենք չգիտենք»։

Թեւանյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ միջամտեց՝ նկատելով, եթե անգամ նիստը եղել է դռնփակ, դա չի նշանակում, որ քննարկված հարցերը գաղտնի են եղել։ Հորդորեց՝ հստակեցնել՝ նիստին մասնակից պատգամավորները ստորագրե՞լ են գաղտնիության փաստաթուղթ։

Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ ցուցակում պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ կա ընդգրկված, իսկ ավելի ուշ ասաց, որ այդ անձը Անդրանիկ Թեւանյանն է։ ՔԿ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Անդրանիկ Թեւանյանին։ Նա մեղադրվում է «պետական դավաճանության եւ լրտեսության» մեջ։ Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար դիմում է ներկայացվել ԿԸՀ։ ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել նաեւ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Մարտուն Գրիգորյանի տանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment