Տոնոյան․ Թևանյանն ու Գրիգորյանը դարձել են սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողներ

ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է ու որևէ կապ չունի արդարադատական գործընթացի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա` ամեն ինչ արվում է վախի մթնոլորտ ձևավորելու, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելու և նախընտրական արշավը «ջարդելու» համար։

Ինչպես հայտնել ենք, մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն ԲՀԿ նախընտրական ցուցակի 2–րդ համարի` Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Այսօր արդեն խուզարկություններ են կատարվել նրա և ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի բնակարաններում և աշխատավայրերում։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հիշեցրել է այսօր «Գելափ» կազմակերպության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց` ընդդիմադիր քաղաքական 4 ուժերը զգալի առավելությամբ հնարավորություն են ստանում նոր կառավարություն ձևավորելու։

«Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները»,– գրել է նա։

ԲՀԿ մամուլի խոսնակը վստահ է, որ հրապարակված թվերը խուճապի են մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Sputnik Արմենիա

Leave a comment