«Մի քանի անգամ՝ բռնի ուժ կիրառելով, իմ հեռախոսն էին փորձում խլել, որ չֆիքսեմ իրենց ապօրինի գործողությունները»․ Արեգնազ Մանուկյան

«Առավոտյան 7-ին ներխուժեցին մեր գրասենյակ, մի քանի անգամ՝ բռնի ուժ կիրառելով, իմ հեռախոսն էին փորձում խլել, որ չֆիքսեմ իրենց ապօրինի գործողությունները»,- «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանի բնակարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ տեղեկություն են ստացել, թե Անդրանիկ Թեւանյանի տանն էլ է խուզարկություն իրականացվում։

Կուսակցական մի քանի ընկերներով շտապել են Անդրանիկ Թեւանյանի տուն։ Տան դուռը բացել են ԱԱԾ աշխատակիցները։

«Մի քանի օր է՝ մենք իրենց սպասում ենք, որ հանդիսավորությամբ դիմավորենք։ Իրենք ասացին, որ պետք է գան Թեւանյանի տանը քննչական գործողություններ իրականացնեն, բայց մենք տեղեկություն ունեինք, որ առանց իրեն արդեն սկսել էին»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն կուսակցության գրասենյակից առգրավել է մի քանի համակարգիչ։ Նաեւ փակ ծրար են առգրավել։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ է եղել ծրարում, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց՝ ենթադրում է՝ Անդրանիկ Թեւանյանի վերլուծական հոդվածներն են եղել, քանի որ այլ՝ գաղտնի ինչ-որ բան չէր կարող լինել։

Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար դիմում է ներկայացվել ԿԸՀ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ ցուցակում պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ կա ընդգրկված, իսկ ավելի ուշ ասաց, որ այդ անձը Անդրանիկ Թեւանյանն է։ ՔԿ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Անդրանիկ Թեւանյանին։ Նա մեղադրվում է «պետական դավաճանության եւ լրտեսության» մեջ։

Այս առիթով Արեգնազ Մանուկյանն ասաց․ «Դավաճանն ինքն է առաջինը գոռում՝ բռնեք դավաճանին։ Թիվ մեկ դավաճանը նոր նշաձող է սահմանել՝ առաջ ապօրինի հրահանգները SMS-ով էր ուղարկում իր կամակատարներին, հիմա հանրահավաքների հարթակներից է գոռգոռալով ասում։ Երկար էինք մտածում՝ ինչ գործ պետք է կարեին, բայց բացարձակ որեւէ հիմք չկար։ Բայց, ինչ-ինչ, այս մասին չէինք մտածել, մեր ֆանտազիայից վեր էր, շատ ենք ծիծաղել։ Աբսուրդ է։ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, այս մի քանի օրերի իր հիստերիկ դրսեւորումները, ապօրինի հրահանգներ իջեցնելը բոլորի աչքի առաջ են, քանի որ շատ լավ գիտի՝ հունիսի 7-ի ընտրություններում պարտվում է։ Նա շատ լավ գիտի, որ հողն իր ոտքերի տակից գնում է, հետեւաբար հաճախորդը հիստերիկացել է, խուճապի է մատնվել, փորձում է շարքից հանել իր հիմնական ընդդիմախոսներին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արեգնազ Մանուկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment