Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը

Քաղաքականություն

22.05.2026 | 16:06

Ուկրաինան կարող է Եվրամիության (ԵՄ) անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Եվրախորհրդարանի Ուկրաինա-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Պեկկա Տովերին։

«Ես անձամբ կարծում եմ և վստահ եմ, որ այս գաղափարը բավականին մեծ աջակցություն ունի, որ մենք պետք է ընդունենք Ուկրաինային ԵՄ, նույնիսկ եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բաց հակամարտությունը շարունակվի։ Եթե մենք դա չանենք, դա Ռուսաստանի համար կլինի բաց հրավեր՝ շարունակելու հակամարտությունը՝ որպես Արևմուտքի հետ Ուկրաինայի ինտեգրումը կանխելու միջոց»,- ասել է նա։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ երկրները չեն հայտնվի Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության մեջ, քանի որ նրանցից մի քանիսը միացել են Միությանը՝ դեռևս տարածքային վեճեր ունենալով Ռուսաստանի հետ։ Մասնավորապես, Էստոնիան հավակնում է Պսկովի մարզի Պեչորի շրջանին, և Մոսկվան նման պահանջներն անընդունելի է համարում։

«Ռուսաստանին անհրաժեշտ է հստակ ազդանշան, որ Ուկրաինան վաղ թե ուշ կմիանա ԵՄ-ին, և որ Ռուսաստանը այս հարցում ձայնի իրավունք չունի»,- նշել է Տովերին։

Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները բավականին շուտով կվերսկսվեն։ Նախկինում դրանք արգելափակվել էին Հունգարիայի կողմից։

Նշվում է, թե Ռուսաստանը չի առարկում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։ Մոսկվան իր անվտանգությանը սպառնացող վտանգ է համարում Կիևի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), անցյալ տարի հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սակայն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, թե «ԵՄ-ն ավելի ու ավելի է վերածվում ռազմաքաղաքական դաշինքի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment