«Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի շուրջ ծավալվող իրավական զարգացումները քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կապում է բացառապես նախընտրական գործընթացների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում։
Նա փորձում է պարզել՝ այս իրավիճակից ով է դուրս գալու քաղաքական շահաբաժիններով։
«Միաժամանակ «կասկածելի» է, թե հատկապես ի՞նչ էֆեկտ է դա ունենալու: Ավելի շուտ՝ ո՞ւմ համար է դա ունենալու ավելի մեծ էֆեկտ: Էֆեկտ ունենալու է այդ գործողության ակնհայտ քաղաքական ցուցումը տված վարչապետ Փաշինյանի՞, թե՞ այդ գործողության թիրախում հայտնված ուժի՝ Թևանյանի, նրա առաջնորդած «Մայր Հայաստան» կուսակցության կամ ԲՀԿ-ի համար, որի ծրագրային ներառումով է «Մայր Հայաստանը» ներգրավված խորհրդարանի ընտրության պրոցեսին»,– գրել է նա։
Միևնույն ժամանակ Բադալյանը նշել է, որ գործող իշխանության կողմից վարչական ու իրավական գործիքների կիրառումն ընտրարշավի փուլում կանխատեսելի էր, և հավասար պայմանների մասին պատկերացումները չափից դուրս միամիտ կլինեին։
«Իհարկե ավելորդ է խոսել այն մասին, որ ընտրապայքարը, մեղմ ասած, անհավասար է: Մտածել, թե այն լինելու էր հավասար և Նիկոլ Փաշինյանը չէր օգտագործելու իշխանության լծակները, մեղմ ասած, կլիներ չափից դուրս միամիտ: Հետևաբար իրավիճակը հանգում է այն կետին, թե ընդդիմությունը որքանով է կարողանալու հմուտ լինել այդ անհավասարության դրսևորումներն իր օգտին շրջելու հարցում: Իսկ դա իհարկե քաղաքականության արվեստի կարևոր հատկանիշներից է»,– շարունակել է Բադալյանը։
Ամփոփելով միտքը՝ վերլուծաբանն ընդգծել է, որ իշխանության կողմից կիրառվող այս ճնշումները բացառել կամ ամբողջությամբ կանգնեցնել հնարավոր չէ։ Հետևաբար, ըստ նրա, ընդդիմադիր ուժերի միակ տակտիկական քայլը պետք է լինի հարվածը սեփական էներգիայի վերածելն ու իշխանության հաշվարկները տապալելը։
Sputnik Արմենիա