Ամերիկյան մասնագետները ՀՀ-ում են. նրանք առանձնացրել են մոդուլային ռեակտորների 4 տեխնոլոգիա

Ամերիկյան «Սարջենթ և Լունդի» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում հայ պաշտոնյաների հետ ավարտին են հասցրել Հայկական ատոմակայանը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19–22–ը Հայաստան են այցելել «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ ապահովելու շարունակական տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը»,– ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հիմնական դիտարկումները եղել են հետևյալը.

– Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները,

– տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ԱԷՄԳ) լավագույն փորձի հետ,

– ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման ամենաբարձր ստանդարտները,

– դիտարկվել են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելուց հետո փոխարինող կարողություններ ձևավորելու տարբերակները:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները 9 միլիարդ դոլար կներդնեն Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարեն։

Sputnik Արմենիա

Leave a comment