«Երևի իմ գիտակցական կյանքում առաջին անգամ է եղել, երբ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, դա եղել է 2020-ի նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել․ մեկ շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ ջուր եմ խմել»,-հարցին՝ ի՞նչ ապրումներ եք ունեցել Արցախի կորստի ժամանակ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասաց, որ հետո սկսել է մտածել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու ու նշեց․ «Հասկացել եմ, որ Ղարաբաղյան շարժումը ՀՀ-ն դրել է թակարդի մեջ, և ինձ հաջողվել է դուրս բերել։ Այսօր կոնկրետ մարդիկ լրտեսական գործունեության տրամաբանության մեջ ուզում են ՀՀ-ն հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ»։
Նա ընդունեց, որ ինքն էմոցիոնալ է, և դա նորմալ համարեց ու նորից հիշեց Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին․ «Չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդն էմոցիա չունի․ նա սառնասիրտ մարդասպան է, որի տեղը բանտում է։ Կամ Ծառուկյան Գագիկն ինչի՞ պետք է էմոցիա ունենա, քյարփինջը ինչի՞ պետք է էմոցիա ունենա։ Այո, ես էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար։ Ինչի ընդդիմադիր պատգամավոր լինելու, լրագրող լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղե՞լ։ Առանց էմոցիա մարդը կամ տախտակ է կամ քյարփինջ։ Քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերից 8-ից հետո էմոցիոնալ շոկ է ապրել և դրա համար այժմ սաղմոսները սկսել է անգիր սովորել՝ հոգևոր դատարկությունը լցնելու համար։ Նաև ասաց, որ հիմա վերսկսել է աղոթելը։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: