«Սուտ եք ասում»․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իր խոսքերից, որ 3 տարածք ենք հանձնելու

«Ձեր հարցը երկու դրույթի վրա է հենված, երկուսն էլ սուտ է։ Առաջինը՝ ողջ գոյության ընթացքում Գուգլում այդ անունը եղել է այդտեղ։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել»,- Aravot.am-ի լրագրողի փաստմանը՝ քաղաքացու հարցին՝ ի՞նչ եք հանձնելու, նա կոնկրետ գյուղերի անուններ է տվել՝ օգտագործելով ադրբեջանական անվանումներ և դիտարկմանը՝ կան տեղեկություններ այն մասին, որ Տիգրանաշենը առաջիկայում հանձնվելու է, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ առիթով Տիգրանաշենի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Քյարքի անունը Google maps-ում նոր չի հայտնվել, միշտ է եղել»։

Լրագրողի փաստմանը, թե բառացի նշել եք գյուղերի անունները, Նիկոլ Փաշինյանը կրկին արձագանքեց․ «Դուք սուտ եք ասում։ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա և սահմանազատում իրականացրել։ Սահմանազատման արդյունքում ՀՀ տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, ուրիշ տրամաբանություն լինել չի կարող»։

Մինչդեռ հիշեցնենք, որ քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ… կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։

Իր «ինչո՞ւ չեք զոհվել  հարցից հետո քննադատությունների և ընդդիմության այն պնդման առիթով, որ ՀՀ ղեկավարը ոչ թե պետք է այդ հարցը տար, այլ աներ այնպես, որ երկիրը պատերազմից զերծ պահեր, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել, Ղարաբաղի պսևդո էլիտայի ներկայացուցիչներին է հարցրել։ Ո՞վ է գնացել, կանգնել, կռվել զինվորի կողքին, դրանց մի մասն էլ փախել, մեր զինվորներին մենակ են թողել։ Պատերազմը սկսելուց ժամեր անց 50 կմ շարասյունում ովքե՞ր էին, քանի՞սն եկան, մնացին ՀՀ-ում, քանի՞սը հետ գնացին և հայտնվեցին առաջնագծում։ Սամվել Շահրամանյանից սկսած մյուսներով ավարտած պետք է բացատրություն տան»։

 

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment