«Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ հայկական վանքում՝ սպասելով թքոցների». «Ազգ»

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ հայկական վանքում՝ սպասելով թքոցների. որտե՞ղ է ոստիկանությունը» հոդվածը: Հեղինակը քննադատում է Երուսաղեմի օրվա դրոշների ավանդական երթը, որը, ըստ նրա, այլեւս քաղաքի միասնության խորհրդանիշ չէ, այլ դարձել է լարվածության ու բաժանման աղբյուր: Նա նշում է, որ այդ օրը Հին քաղաքի մուսուլմանական եւ քրիստոնեական թաղամասերում բազմաթիվ խանութներ փակվում են՝ սպասվող բախումների ու ոտնձգությունների պատճառով: Վեյսը պատմում է, որ ամեն տարի կամավորների հետ կանգնում է Հայոց պատրիարքարանի փողոցում՝ հայկական վանքի մուտքի մոտ, որպեսզի պաշտպանական ներկայություն ապահովի: Ըստ «Կրոնի ազատության տվյալների կենտրոնի» հաշվետվությունների, Հին քաղաքում քրիստոնյաների նկատմամբ արձանագրված ոտնձգությունների մոտ երկու երրորդը տեղի է ունենում հենց այդ փողոցում: Չնայած այս փաստերին, ոստիկանությունը բավարար ուժեր չի տեղակայում հայկական վանքի դիմաց՝ երթի ընթացքում կանխելու միջադեպերը:

Հեղինակը նկարագրում է, թե ինչպես կամավորները տեսախցիկներով արձանագրում են թքելու դեպքերը եւ նյութերը փոխանցում ոստիկանությանը, թեեւ կասկածում է, որ շատ գործեր փակվում են առանց արդյունքի: Նրա կարծիքով, եթե տեղում ոստիկաններ լինեին, հնարավոր կլիներ անմիջապես ձերբակալել իրավախախտներին: Հոդվածը շեշտում է, որ քրիստոնյաների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն իրավական, այլեւ խոր բարոյական ճգնաժամ է եւ վնասում է Իսրայելի միջազգային հեղինակությանը: Հեղինակը նաեւ զգուշացնում է, որ նման երեւույթներն աշխարհում նպաստում են հակահրեական տրամադրությունների եւ թուլացնում հրեաների բարոյական դիրքերը:

Արծվի Բախչինյան

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment