Քրեական գործի օպերատիվ հատվածն իրականացրել է վարչապետին ենթակա մարմինը՝ ԱԱԾ-ն, բնականաբար, ես բոլոր մանրամասներից կարող եմ տեղյակ լինել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով:
«Երբ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն: Այսինքն՝ մենք հիմա էլ լրտեսության ուրիշ գործեր ունենք: Լրտեսներին չենք բռնում մի պարզ պատճառով, որովհետև օպերատիվ հետևում ենք, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպերը բացահայտվեն, էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները:
Նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, և ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է, այսինքն՝ պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալել, հենց իմացանք՝ լրտես է, գնալ, միանգամից բռնել, գրագետ չէ: Պետք է թողնել, պատկերը տեսնել, թե ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում, ինչ հանձնարարություններ է տալիս կուրատորն իրեն, ինչի՞ մասին են այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարություններն ինֆորմացիա են, չէ՞, տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, ո՞ւմ է ներգրավում, ո՞ր կուսակցության ցուցակում է հայտնվում, ո՞նց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումի՞ց է ստանում հրահանգը, ինչո՞ւ է կատարվում այդ հրահանգը, գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ: Նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Ճ կլասի լրտես է: Հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը, այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, չէ՞: Կապ ունի՞ նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, էդ որդու գործոնով իր վրա ազդե՞լ են, թե՞ չեն ազդել, թե՞ կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե՞ ինչ-որ բիզնես շահեր ունի:
Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք, որ լրտեսներ են, իրենք չգիտեն, որ մենք գիտենք: Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին անում ենք այդ գործողությունը, որպեսզի ռեսուրսը, մեր օպերատիվ հետաքրքրությունն ամբողջությամբ բավարարվի: Որոշումը կայացվում է այն պահին, երբ հասկանում ենք՝ ամեն ինչ գիտենք, նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ գործողության, գործողությունը կասեցնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, ըստ ՔԿ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: