«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ. Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր. «ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Արձագանքելով քննչական կոմիտեի հաղորդագրությանը՝ Անդրանիկ Թեւանյանն ասել էր. «Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 21 թվականին, այո, ընտրվել եմ պատգամավոր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց ուշադրություն՝ 2023 թվականին վայր եմ դրել Ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններում որպես ոչ պատգամավոր արդեն։ Իսկ այստեղ գրված է, որ 24 թվականին փաստորեն փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել։ Այսինքն՝ ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 24 թվականի լսումներին: Հետևաբար, մնացած թեմաները անհեթեթություն են ինչ-որ գումարային և այլ թեմաների հետ կապված»։
Իսկ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ արձագանքել էր. «Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք ։
Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:
Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»:
Ըստ «Ֆակտորի» տեղեկությունների՝ «Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները»։ Այդ նիստին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հաջորդ օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, Արարատ Միրզոյանը հայտարարել էր․ «Երեկ ես, օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ էր և այն, ինչ կասվի իմ կողմից հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը, և չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել՝ բացատրելով, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում, այդ թվում՝ առաջին հերթին սահմանազատման բանակցություններում, կարող է առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հենքերի վրա»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: