Եթե ինքներս հստակ չգիտենք՝ մնում ենք ԵԱՏՄ-ում, թե ոչ, ինչու ենք գնում ԵԱՏՄ պահանջները կատարելուն. Արմենուհի Կյուրեղյանը՝ առողջապահության փոխնախարարին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում Դեղերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր, հիմնական զեկուցողը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը:

Նա ասաց, որ նախագծի նպատակն է բացառել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները, ներդնել դեղերի որակի անվտանգության, մատչելիության ապահովման եւ վերահսկողության իրականացման առավել հստակ եւ ԵԱՏՄ կանոնների հետ ներդաշնակ գործիքակազմ: Նախարարի տեղակալը նշեց, որ մասնավորապես առաջարկվում է բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները ապահովելու նպատակով ընդլայնել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրենց կողմից ծառայությունների ապահովման նպատակով արտադրվող դեղերի ցանկը, որոնց համար ԵԱՏՄ կանոնների համաձայն գրանցում չի պահանջվում:

«Նախագծի ընդունումը նաեւ հնարավորություն կտա նախարարությանը թույլատրել գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, ինչպես նաեւ ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղերի ներմուծումը, քանի որ ՀՀ-ում միայն գրանցված դեղերի առկայությունը հնարավոր չէ ապահովել: Բազմաթիվ են դեպքերը, երբ դեղը երկարաժամկետ չի ներմուծվում եւ կարիքի դեպքում առկա չի լինում շուկայում…»,-մանրամասնեց Աստղիկ Գրիգորյանը:

Նաեւ հավելեց, որ չգրանցված դեղերի ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է ընդլայնել ներմուծման հավաստագրի տրամադրումը մերժելու հիմքերը: Նախագծով առաջարկվում է հստակեցնել լիցենզիաների տրամադրման եւ կասեցման հիմքերը, ընդլայնել լիցենզավորող մարմնի իրավասությունները. «Դա հնարավորություն կտա՝ շրջանառելով դատական գործընթացները՝ դադարեցնել լիցենզիան նաեւ պատշաճ արտադրության գործընթացը հավաստագրի գործունեության իրականացման դեպքերում»:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց նախարարի տեղակալից՝ եթե նախագծի անհրաժեշտության հիմքում դնում են ԵԱՏՄ կանոնների հետ ներդաշնակեցումը, սակայն մայիսի 28-29-ին Աստանայում, որտեղ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, ըստ հայտարարությունների՝ պետք է քննարկվի այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը, ինչու ենք մենք գնում ԵԱՏՄ պահանջները կատարելուն, եթե ինքներս հստակ չգիտենք՝ մնո՞ւմ ենք ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ, կամ գուցե գիտենք, որ մնում ենք, դրա համար էլ այսպես միարժեքորեն օրենքի փոփոխությունը բերում ենք: Պատգամավորը խնդրեց հիմնավորել դա:

Կյուրեղյանի մյուս հարցը վերաբերում էր դեղապահովման ծրագրին: Նա նշեց, որ առողջության ապահովագրության առաջին եռամսյակի պակասը լրացնելու համար 2,9 մլրդ դրամ ենք ավելացրել, որից 2,5 մլրդը պահուստային ֆոնդից, եւ այսօր բյուջեի երրորդ եւ չորրորդ եռամսյակում դեղապահովման ծրագրում ունենք զրո դրամ: Պատգամավորը խնդրեց պարզաբանել՝ արդյոք այդ զրո դրամը լրացվել է, եթե այո՝ ինչի հաշվին:

Առաջին հարցվի վերաբերյալ նախարարի տեղակալն ասաց, որ դրա պատասխանը իր իրավասության շրջանակներից դուրս է. «Սակայն, ինչ որոշում էլ կայացվի, որոշակի ժամանակ է պետք այդ ամենն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ գործընթացը պետք է անխափան շարունակվի, նկատի ունենք դեղերի մատակարարումը, դեղերի մատուցումը եւ հիվանդների սպասարկումը: Դրա համար, բոլոր դեպքերում, տվյալ պահին այս օրենքի կետերից մեկը ԵԱՏՄ-ին հարմարեցնելն է, բայց որպեսզի կարողանանք անխափան մեր գործունեությունն ապահովել, իրականացնում ենք այս փոփոխությունները՝ ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու համար: Թե հետագայում ինչ կորոշվի, ըստ դրա կհարմարեցվի մնացածը»:

Հաջորդ հարցի հետ կապված էլ Աստղիկ Գրիգորյանը նշեց. «Դա այս պահին այս օրենքի մեջ չէ, մեր քննարկման թեմայից մի քիչ դուրս է, ձեզ հետագայում կպատասխանենք: Ապահովագրության հետ կապված ծախսերը չեն մտնում մեր այսօրվա օրակարգի մեջ»:

Տեսանյութն՝ ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment