Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները հենց այս նախընտրական փուլում հիշել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի մասին։
Հիշեցնենք, որ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «ուսումնասիրվել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե»։
«Հիմա չենք հիշել, հիմա ենք գտել։ Դատախազությունը հիմա գտել է, այսինքն՝ իրավական հիմքերը հիմա են ստեղծվել։ Եվ եթե 2018-ին գտնեինք, 2018-ին էինք անելու, 2020-ին գտնեինք, 2020-ին էինք անելու, 2028-ին գտնեինք, 2028-ին էինք անելու։ Եթե որեւէ մեկին թվում է, որ դեռ իր ապօրինի գույքի հետեւից չենք գնացել, դա իրեն երաշխավորում է, որ 2028-ին չենք գնալու, իրենք սխալվում են, որովհետեւ բոլոր ապօրինի գույքերի հետեւից էլ գնալու ենք։ Այդտեղ որեւէ կոմպրոմիս որեւէ օլիգարխի հետ չի կարող լինել»,- նշեց Գեւորգ Պապոյանը։
Նա հավելեց․ «Դրանից շահույթը կգնա պետական բյուջե, ոչ թե մեկը Առինջի սարի վրա դղյակ կսարքի, մեջը երեք հատ առյուծ կպահի, այլ 667 հազար մարդու կենսաթոշակը կբարձրացնենք 5000 դրամով։ Այսինքն՝ Առինջի սարի գլխի դղյակը՝ իր առյուծներով, կվերադառնա ժողովրդին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի հատ կհարցնե՞ք դրան, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ու Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի տունը որ ԻԲՐ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ժողովրդին, հետո ի՞նչ եղան:))))»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: