ՀՀ ՍԱՏՄ-ի հրավերով` Հայաստանում է «Ռոսսելխոզնաձոր»-ի պատվիրակությունը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՍԱՏՄ-ի հրավերով` Հայաստանում է «Ռոսսելխոզնաձոր»-ի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների մասնագետների հետ համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռոսսելխոզնադզոր»-ի և Տեսչական մարմնի ներկայացուցիչների միջև՝ նախատեսված վերահսկողական միջոցառումների օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։
ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շեգլովը շնորհակալություն է հայտնել ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու, ինչպես նաև համատեղ վերահսկողական միջացառումներ կազմակերպելու պատրաստակամության համար:
Պետրոսյանը վստահեցրել է, որ երկու երկրների իրավասու մարմինների համագործակցությունը միշտ կրելու է կառուցողական փոխգործակցության բնույթ։
Նշվում է, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում՝ նպատակ ունենալով ստուգելու Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել էին, որ 2026 թ․-ի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանում աճեցվող և առաքվող ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգության ու արտահանման ներուժը պաշտպանելու համար, և այն կգործի մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։