Քաղաքականություն
21.05.2026 | 15:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Աստանայում անցկացվելիք ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու հարցին։ Նա նշել է, որ հայկական կողմից ստացվել է պաշտոնական ծանուցում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել ԵՏՄ երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովին, Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է՝ դեպքեր տարբեր առիթներով այլ երկրների հետ կապված նույնպես լինում են։
«Խնդիրն այն է, որ դա արդեն վերածվում է մի համակարգի, որը, ինչպես մենք հասկանում ենք, Նիկոլ Փաշինյանն է ստեղծել այս ուղղությամբ… Իհարկե, միավորման համար ողբերգություն չկա։ Հարցը միայն Հայաստանի մեջ է»,- հայտարարել է Զախարովան։
Ըստ նրա՝ Մոսկվան նախընտրում է դատել կոնկրետ քայլերից Հայաստանի կառավարության եվրոպամետ քաղաքականության շրջանակում, գնահատել դրա ազդեցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացի վրա։ Զախարովան շեշտել է՝ Մոսկվան ի սկզբանե ասել է, որ հնարավոր չէ համադրել ԵՏՄ-ին անդամակցությունը ինտեգրացիոն այլ բլոկի հետ։
«Մոսկվան չի հետևում «կամ-կամ» սկզբունքին և միշտ պնդել է, որ ներդաշնակ համադրություն հնարավոր է։ Սակայն դա մինչև այն պահը, երբ մի ուղղություն՝ Արևմուտքի ուղղություններից մեկը, չսկսեց հարձակվել տնտեսության, առևտրի և ֆինանսների վրա՝ Ռուսաստանի դեմ անօրինական պատժամիջոցների հետ մեկտեղ»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ ղեկավարների նիստին։ Նրա խոսքով՝ դեռևս ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ քարոզարշավի պատճառով չի կարողանալու մասնակցել ինչպես մայիսի 9-ի միջոցառումներին Մոսկվայում, այնպես էլ մայիսի 28-ի նիստին Աստանայում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի