Մոսկվան չի կարող ընդունել Երևանի այն մոտեցումը, ըստ որի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պահպանվում է մինչև ԵՄ-ին հնարավոր անդամակցման անցումը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․Մոսկվան չի կարող ընդունել Երևանի այն մոտեցումը, ըստ որի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պահպանվում է մինչև Եվրամիությանն անդամակցելու հնարավոր անցումը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել, նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են»,- Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողներին ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, ինչպես նաև մինչև 2030 և 2045 թվականները ԵԱՏՄ զարգացման վերաբերյալ փաստաթղթերը։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը պարտավորեցնում են անդամ պետություններին կատարել պայմանագրի դրույթները և թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են վտանգել եվրասիական տնտեսական ինտեգրումը։
ՌԴ ԱԳՆ փոխնախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ անդամակցել երկու ինտեգրացիոն միավորումների։
«Ինչպես ասվում է, Հայաստանի մոտ չի ստացվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ժամկետներ կսահմանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Երևանի դիրքորոշման հստակեցման համար՝ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է հստակության առաջացմանը «այն հարցում, թե ուր է գնում Հայաստանը, բայց ժամկետների վերաբերյալ որևէ կոնկրետություն ես դեռ չունեմ»։