Փարիզում հրատարակվող «Նոր Յառաջ» լրագրի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքեանի նախաձեռնությամբ «Նոր Յառաջ»-ի 2026 թվականի մայիսի 16-ի համարում “La première conférence scientifique franco-arménienne” խորագրով լույս է տեսել «Hovhannès Tchekidjian peut être considéré comme une figure légendaire des relations musicales franco-arméniennes» հոդվածը, որտեղ ֆրանսերեն թարգմանաբար ներկայացվել է Aravot.am- ի՝ «Հովհաննես Չեքիջյանին անվարան կարելի է անվանել հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ» վերնագրով հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանի հետ։
Հարցազրույցը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում 2026 թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցած «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային գիտական առաջին կոնֆերանսի մասին էր, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:
Աննա Ասատրյանը մեզ փոխանցեց, որ Փարիզում մատուցված այս անակնկալը խորապես հուզել ու հիացրել է ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրինությանը, այնպես էլ կոնֆերանսի մասնակիցներին և հյուրերին, մասնավորապես Կոնֆերանսի Պատվո հյուրին՝ Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։ Չէ՞ որ խոսքը հեղինակավոր մի պարբերականի՝ ֆրանսահայ մամուլը կանգուն պահող և սփյուռքահայ մամուլի ռահվիրաներից մեկի՝ «Նոր Յառաջ»-ի մասին է։
«Ուրախալի է, որ «Առավոտ»-ի շնորհիվ Հայաստանի գիտական կյանքում տեղի ունեցած այս կարևոր իրադարձությունը հասանելի դարձավ նաև ֆրանսախոս ընթերցողին», -նշեց մեր զրուցակիցը, հավելելով. «Շնորհակալ ենք «Նոր Յառաջ» թերթի հիմնադիր-խմբագիր Ժիրայր Չոլաքյանին՝ ինչպես այս կարևոր պարբերականը 2009 թվականից խմբագրելու, այնպես էլ հայ արվեստագիտության եզակի կենտրոնի՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հանդեպ ցուցաբերած ուշադիր ու հոգատար վերաբերմունքի համար»։
Մեկ օր անց էլ՝ մայիսի 17-ին, վերոհիշյալ հարցազրույցը՝ «Hovhannès TCHEKIDJIAN peut être considéré comme une figure légendaire des relations musicales franco-arméniennes» վերնագրով, տեղ գտավ Փարիզում հրատարակվող «Ալագեազ»․ Հայկական մշակույթների ամսագիր (Alakyaz. Mensuel des cultures arméniennes) ամսաթերթի 2026 թվականի մայիսյան համարում՝ «Francophonie» խորագրով։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր խոսքերով՝ այս չափազանց ուրախալի ու ոգևորիչ լուրերը Հայաստան հասան «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային գիտական առաջին կոնֆերանսի փարիզաբնակ մասնակից, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախկին ասպիրանտ ու լավ բարեկամ, շնորհալի արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Շուշան Զոհրաբյանի շնորհիվ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: