Իրանական «Handala» հաքերային խմբավորումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի «կասկածելի գործողություններին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Handala-ի կիբեռհրամանատարությունը, ուսումնասիրելով ամերիկա-իսրայելական ռազմական և անվտանգության համակարգերում հայտնաբերված գաղտնի հասանելիությունները, արձանագրել է գործողություններ, որոնք, ըստ խմբավորման, վկայում են մոտ օրերին ռազմական հակամարտության վերսկսման նախապատրաստության մասին։
Խմբավորումը հայտարարել է, որ եթե հակառակորդը դիմի նոր «ագրեսիայի կամ անխոհեմ քայլերի», ապա Handala-ի կիբեռհրամանատարությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համատեղ, հարվածներ կհասցնի «թշնամի պետությունների» էներգետիկ և թվային ենթակառուցվածքներին։
Հայտարարության համաձայն՝ արդեն իսկ հայտնաբերվել են տասնյակ «օրինական թիրախներ» տարբեր երկրների տարածքներում։ Խմբավորումը նաև պնդում է, որ հնարավոր հակամարտության առաջին իսկ փուլում կիրականացվեն համակցված կիբեռ, հրթիռային և անօդաչու գործողություններ։
Տեքստում առկա են նաև կոշտ հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարություններ, ինչպես նաև սպառնալիքներ՝ կապված Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Handala-ն նշել է, որ եթե միջազգային հանրությունը լռել է Գազայում երեխաների սպանությունների հարցում, ապա պետք է լռի նաև ապագա գործողությունների հետևանքների առջև։