«Միջին միջանցքում մեր երկրի դերը մշտապես աճում է։ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ։ Բնականաբար, մենք պետք է առավելագույնս օգտագործենք դա։ Այս առումով Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված համաձայնագրերն աննախադեպ նշանակություն ունեն։
Բոլորն էլ կապված են մեր տարանցիկ գործառույթի զարգացման հետ։ Խոսքը գազի ներկրման եւ տարանցման մասին է։ Մենք ստացել ենք համապատասխան գներ եւ ծավալներ, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի էներգետիկ անվտանգության համար, եւ մենք երախտապարտ ենք ադրբեջանական կողմին։ Դրանք երկու կառավարությունների միջեւ ստանդարտ բանակցություններ չէին։ Սա ընկերների միջեւ երկխոսություն էր, որը մեզ թույլ տվեց հասնել շատ ճիշտ պայմանավորվածությունների բոլոր հարցերի շուրջ»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը, ում խոսքերը մեջբերում է Trend-ը։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Բաքու–Թբիլիսի–Սուպսա նավթամուղի աշխատանքը վերջին երեք տարիներին կասեցված էր։
«Մեր երկիրը տարեկան կորցնում էր տասնյակ միլիոնավոր լարիի պոտենցիալ եկամուտ։ Այս խողովակաշարի աշխատանքը կվերականգնվի, եւ դրա համար առկա են լավ պայմաններ»,- ասել է Վրաստանի վարչապետը։
«Մոտենում էր Ադրբեջանի հետ բնական գազի գնման 20-ամյա պայմանագրի ժամկետի ավարտը։ Սակայն ադրբեջանական կողմի հետ արդյունավետ բանակցությունների արդյունքում համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է եւս 20 տարով։
Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա ամսվա վերջից շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Միաժամանակ վերականգնվել է ուղեւորատար երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Այս բոլոր պայմանավորվածությունները հիմնարար նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության ամրապնդման, էներգետիկ անվտանգության ապահովման եւ մեր տարանցիկ գործառույթի հզորացման համար»,- ասել է Կոբախիձեն:
Կոբախիձեն «աննախադեպ» է որակել Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրերը
Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ադրբեջանում ստորագրված համաձայնագրերը «աննախադեպ նշանակություն ունեն Վրաստանի տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության եւ տարանցիկ գործառույթի ուժեղացման համար»։