ՀՀ քննչական կոմիտեն «բմբուլները օդ հանելու» Արթուր Օսիպյանի արտահայտությունը գնահատել է իբրեւ «բռնություն գործադրելու հրապարակային կոչ». Փաշինյանին հարցեր տալը՝ «խուլիգանություն» եւ «քարոզչության խոչընդոտում»

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Ա.Օ.-ն կալանավորվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment