Ավելի շատ անձնավորված ընտրություն է լինելու, ունենք քաղաքական ուժեր, որոնք ներկայացնում են այլ պետության շահեր․ Արտաշես Խալաթյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ցավոք սրտի, այս քարոզարշավը աչքի չի ընկնում գաղափարական մրցակցությամբ և ըստ էության մենք ավելի շատ ականատես ենք լինում փոխադարձ վիրավորանքների: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը` անդրադառնալով քարոզարշավի ընթացքին:
«Իրականում քարոզարշավին պետք է երկու կողմից նայել՝ իրավական և քաղաքական: Չթերագնահատելով և հաստատագրելով, որ ընտրությունները կլինեն լեգիտիմ, քվեարկությունը կլինի ազատ, արդար և թափանցիկ, այդուհանդերձ պետք է նշել, որ ընտրողին գաղափարական այլընտրանքներ չեն հրամցվում և ավելի շատ անձնավորված ընտրություն է լինելու, ինչը ես կարծում եմ, նաև խորհրդարանական կառավարման ձևի տեսանկյունից խնդրահարույց է»,-ասաց նա։
Ըստ Խալաթյանի՝ գործնականում որևէ քաղաքական ուժ որպես ինստիտուտ բրենդավորում չունի ժողովրդի մոտ։ «Ժողովուրդը մեծ հաշվով քաղաքական ուժերին որպես ինստիտուցիոնալ կառույցներ չի էլ ընկալում այլ ընկալում է անձնավորված իրենց առաջնորդների անուններով։ Սա փաստացի նախագահական ընտրությունների մոդիֆիկացված տարբերակն է այն պարագայում, երբ մենք ընտրում ենք խորհրդարան ինչը կարծում եմ, շատ մտահոգիչ է, քանի որ խորհրդարանական կառավարման ձևը լիովին այլ տրամաբանություն և խաղի կանոններ է ենթադրում»,-նշեց իրավագետը:
Արտաշես Խալաթյանը իրավական տեսանկյունից ընդգծեց, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից լինում են ընտրակաշառքի բաժանելու դեպքեր, նաև ընտրողների վրա ապօրինի ներազդեցության բազմաթիվ դեպքեր ինչպես նաև ակնհայտ այլ պետությունների օգտին իրականացվող քայլեր։ «Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ բավականին մտահոգիչ պատկեր կա, և հուսանք, որ դա արդեն իրավահասարակական կարգի խաթարման չի հանգեցնի»,-հավելեց Խալաթյանը։
Իրավագետը նշեց, որ մենք ունենք քաղաքական ուժեր, որոնք ակնհայտորեն ներկայացնում են այլ պետության շահեր, պետական ինստիտուտների և պետական պաշտոնյաների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ և այս ամենի համար ընթացակարգը հետևյալն է՝ կառավարությունը պետք է դիմի Սահմանադրական դատարան, և Սահմանադրական դատարանը տվյալ դիմումի հիման վրա այս կամ այն կուսակցության գործունեությունը դադարեցնի։
Ըստ նրա՝ երեխաների ներգրավվածության խնդիրը հետևյալն է․եթե անչափահասները չեն ուղղորդվում, ապա որևէ խնդիր չկա։ Այստեղ կարևորը անչափահասների մոտիվացիան է, որը դատելով տեսանյութերից, կարծես թե ուղղորդված չէ, նշեմ նաև, եթե կա վարչական ռեսուրսի կիրառում ապա դրան պետք է իրավական գնահատական տրվի։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող վեճերին, երբ մարդիկ սադրում են և դա մեկնաբանում են, որպես անձնական կարծիք, Արտաշես Խալաթյանը նշեց, որ այդ խոսույթը նման է մանիպուլյացիայի և խոսքի ազատության չարաշահման: Նա հավելեց, որ եթե նրանց վարքագծում կա խուլիգանության հանցակազմ կամ իշխանության ներկայացուցչին վիրավորելու հանցակազմ, ապա նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։