Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը բացառապես պայմանավորված չէ դատավորի գործողություններով. Փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստում փաստաբան, Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին։

Արամ Վարդևանյանը հակիրճ ներկայացրեց բացարկի միջնորդությունը և դրա հիմքերն ու հիմնավորումները, որոնք, ըստ պաշտպանական կողմի, անկողմնակալության թեզի տեսանկյունից որոշակի խնդիրներ են առաջացրել։ Այդուհանդերձ, պաշտպանը նշեց, որ բացարկ հայտնելու միջնորդությունը բացառապես պայմանավորված չէ դատավորի գործողություններով, այլ պայմանավորված է ընդհանուր առմամբ այն մթնոլորտով, այն պայմաններով և իրավիճակով, որ այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանի նկատմամբ։

«Մենք չենք կարող անտեսել կամ չենք կարող չնկատել, որ բաղադրիչը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումն է»,- ասաց փաստաբանը և հիշեցրեց, թե ինչպես է ծնվել այս քրեական վարույթը, թե եկեղեցու բակում 2025 թվականի հունիսին ինչ է ասել Սամվել Կարապետյանը, և դրան ինչ բառապաշարով է հակադարձել գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հայտարարում է, որ ինքն ունի լծակներ, որ ինքը չի հանդուրժելու, որ որևէ մեկը համարձակվի նման բան ասել։ Այս նախադասությունից է մեկնարկել քրեական վարույթը, և այս 10 ամսվա ընթացքում Սամվել Կարապետյանը կալանավորված է»,- ասաց Արամ Վարդևանյանը ու ներկայացրեց բացարկի հիմք հանդիսացած երեք խմբերը։

Առաջին խումբ։ Դատարանը իր դատավարական գործողություններով հանրության առջև վստահություն չի ներշնչում, որովհետև այսօր հանրությունը գտնվում է էլեկտորալ տրամաբանության ներքո, և առջևում Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններ են։ Սա Հայաստանում ուղիղ ընտրական ձևով միակ համապետական ընտրություններն են, որտեղ իրացվում է ժողովրդի՝ իշխանության կրող հանդիսանալու հանգամանքը։ Իսկ ստացվում է, որ դատարանն իր գործողություններով այլևս հանրությանը որոշակի իմաստով զրկել է՝ ունենալ մրցակցային, արդար, արդյունավետ մոտեցում ընտրական այս գործընթացում, քանի որ Սամվել Կարապետյանը այդ հնարավորությունից զրկված է, մեկուսացված է հանրությունից։ Մինչդեռ, «Ուժեղ Հայաստան»-ի հիմնական մրցակից ուժի ղեկավարը ազատորեն քարոզարշավ է իրականացնում հանրապետության բոլոր վայրերում։

Երկրորդ խումբ։ Դատարանը թույլ չտվեց տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին նաև մարդասիրության տեսանկյունից մարդկայնորեն առավել քան կարևոր մի հարցում՝ հնարավորություն չտվեց այցելել իր հոր շիրիմին։ Փաստաբանը նշեց, որ իրեն հայտնի են օրինակներ, որ այլ դեպքերում դատարանը դա թույլ տալիս է, որ, իր կարծիքով, դատավորը ավելի կցանկանար դա թույլ տալ, քան թույլ չտալ։ «Բայց ստացվում է, որ քաղաքական հետապնդման պայմաններում մենք նման խնդրի բախվում ենք»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Երրորդ խումբը վերաբերում էր նրան, ինչ այսօր ևս տեղի է ունեցել։ Սամվել Կարապետյանին կրկին ուղեկցել են դատարան ու կրկին՝ կալանավորված անձանց համար նախատեսված ոստիկանության ճաղավանդակով ավտոմեքենայով։ «Հասկանալի չէ, թե ինչ են դրանով ուզում ցույց տալ անձին»,- հարցրեց պաշտպանը։

Ելնելով վերոգրյալից՝ Արամ Վարդևանյանը ներկայացված հանգամանքների, հիմքերի և քաղաքական առկա իրավիճակի պայմաններում դատավոր Վահե Դոլմազյանին խնդրեց ինքն իրեն հայտնել ինքնաբացարկ։

Պաշտպանական կողմի մյուս փաստաբանները նույնպես միացան այդ միջնորդությանը։ Մեղադրող դատախազը խնդրի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը։

Դատավոր Վահե Դոլմազյանը հակադարձեց, որ իր բոլոր գործողությունները բխել են օրենքի պահանջներից, և մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին՝ ժամը 14։30-ին։ Այդ օրը աշխատելու են մեկ ժամ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment