Օվերչուկ․ «Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը»

Քաղաքականություն

Օվերչուկ․ «Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը»

«Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը»,- TACC-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»,- նշել է Օվերչուկը՝ հայտարարելով, թե այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են»։

«Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա»,- նշել է Օվերչուկը։

Ռուսաստանցի փոխվարչապետի խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ «նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանը արագորեն կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե հենց իր՝ Հայաստանի հանդեպ»,- նշել է Օվերչուկը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հորդորել էր Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, նշելով, որ եթե Երևանը շուտ որոշում կայացնի, Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ կլինի»:

Leave a comment