Google-ը և Blackstone-ը ստեղծում են համատեղ AI cloud նախագիծ, որը պետք է բավարարի արհեստական բանականության համար անհրաժեշտ հաշվարկային հզորությունների աճող պահանջարկը։ Blackstone-ը նոր կառույցում կկատարի սեփական կապիտալի առաջին $5 մլրդ ներդրումը՝ նպատակ ունենալով մինչև 2027 թվականը շուկա դուրս բերել 500 ՄՎտ տվյալների կենտրոնային հզորություն։
Նոր նախագիծը կգործի ԱՄՆ-ում և հաճախորդներին կառաջարկի ոչ թե պարզապես տեղ տվյալների կենտրոնում, այլ հասանելիություն Google-ի ենթակառուցվածքին, այդ թվում՝ ընկերության սեփական AI չիպերին՝ Tensor Processing Unit-ին կամ TPU-ին։ Մոդելը նկարագրվում է որպես compute-as-a-service. ընկերությունները կկարողանան հաշվարկային հզորություններ ստանալ որպես ծառայություն՝ առանց ամբողջ ենթակառուցվածքային համակարգը սեփական ուժերով կառուցելու և սպասարկելու անհրաժեշտության։
Bloomberg-ի տվյալներով՝ փոխառու ֆինանսավորումը հաշվի առնելով՝ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կարող է հասնել $25 մլրդ-ի։ Google-ը և Blackstone-ը Reuters-ին առանձին չեն հաստատել այդ գնահատականը։ Նոր ձեռնարկության ղեկավար է նշանակվել Բենջամին Սլոսը, որը երկար տարիներ աշխատել է Google-ում։
Google-ի համար սա TPU-ի հասանելիությունն ընդլայնելու միջոց է՝ այն ընկերությունների կողմից աճող պահանջարկի պայմաններում, որոնք կառուցում և գործարկում են AI մոդելներ։ TPU-ն արդեն դարձել է Google Cloud-ի ռազմավարության կարևոր մասը. այն օգտագործվում է ոչ միայն Google-ի էկոհամակարգի ներսում, այլև արտաքին հաճախորդների կողմից, այդ թվում՝ Anthropic-ի։
Blackstone-ի համար սա AI ենթակառուցվածքների ոլորտում խոշոր ներգրավվածության շարունակությունն է։ Ակտիվների կառավարիչներն ավելի ակտիվ են ներդրումներ կատարում տվյալների կենտրոններում, էներգետիկայում և ցանցային ենթակառուցվածքներում, քանի որ հաշվարկային հզորությունների և էլեկտրաէներգիայի պակասը դառնում է AI ծառայությունների աճի հիմնական սահմանափակումներից մեկը։
Այստեղ ուշագրավ է ոչ միայն «500 ՄՎտ» թիվը, այլև գործարքի կառուցվածքը։ AI շուկան աստիճանաբար բաժանվում է. մի շարք ընկերություններ ստեղծում են մոդելներ, մյուսները կառուցում են տվյալների կենտրոններ, երրորդները վերահսկում են չիպերն ու հաշվարկային հզորությունների հասանելիությունը։ Այս նախագծում Google-ը բերում է TPU-ներն ու խոշոր հաշվարկային ենթակառուցվածքների կառավարման փորձը, իսկ Blackstone-ը՝ կապիտալն ու ենթակառուցվածքային մոդելը։
Այն կանխատեսման ֆոնին, որ Big Tech-ի ծախսերը AI ենթակառուցվածքների վրա 2026 թվականին կարող են գերազանցել $700 մլրդ-ը, նման գործարքները այլևս չեն դիտվում որպես տվյալների կենտրոնների մեկանգամյա ընդլայնում, այլ որպես առանձին շուկա. AI-ի համար հաշվարկային հզորությունները դառնում են էներգետիկայի, լոգիստիկայի և հեռահաղորդակցային ցանցերի մակարդակի ենթակառուցվածքային ակտիվ։