Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային վարչությունը (BfV) նախազգուշացրել է, որ Իրանը կարող է ակտիվացնել գործողությունները Եվրոպայում այն բանից հետո, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության լարվածությունը թուլանա։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Գերմանական ներքին հետախուզության տվյալներով՝ Իրանը կարող է թիրախավորել եվրոպական տարածքում գտնվող հրեական և իսրայելական հաստատությունները, ինչպես նաև իրանցի այլախոհներին և այն անձանց, որոնց Թեհրանը համարում է ռեժիմի հակառակորդներ։
BfV-ում նշել են, որ պատերազմի ավարտից հետո Իրանի իշխանությունները կարող են իրենց հետախուզական ծառայությունները ներգրավել «ռեժիմի ընդդիմախոսների որոնման և հետապնդման» գործում՝ ներառյալ հրեական, իսրայելամետ և ամերիկյան օբյեկտների դեմ գործողությունները։
Գերմանական հետախուզության ներկայացուցիչների գնահատմամբ՝ անմիջական ճնշման թուլացումից հետո Թեհրանը կարող է իր ռեսուրսների մի մասը վերաուղղել արտասահմանյան գործողություններին։