Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին

Քաղաքականություն

18.05.2026 | 17:47

Իրանի անվտանգության բարձրագույն մարմինը հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին, որը Թեհրանը փաստացի փակել է և ցանկանում է նավերի անցումը վճարովի դարձնել, գրում է Al Arabiya-ն։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը X-ում գրառմամբ նշել է, որ կտրամադրի «իրական ժամանակում թարմացումներ #Հորմուզի_նեղուցի գործողությունների և վերջին զարգացումների վերաբերյալ»։

Նոր մարմնի գործողությունները դեռևս պարզ չեն, սակայն այս ամսվա սկզբին իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքը հայտարարել էր, որ այն կազմում է «Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանություն իրականացնելու համակարգ»։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը մեծ մասամբ խոչընդոտել է կենսականորեն կարևոր նեղուցով նավագնացությունը։ Ապրիլի 8-ից գործում է փխրուն հրադադար։

Իրանի ջրային ուղու նկատմամբ վերահսկողությունը ցնցել է համաշխարհային շուկաները և Թեհրանին տվել զգալի լծակներ, մինչդեռ Միացյալ Նահանգները իր սեփական ծովային շրջափակումն է սահմանել իրանական նավահանգիստների վրա։ Խաղաղ ժամանակ այս երթուղին կազմում է նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային առաքումների մոտ մեկ հինգերորդը, ինչպես նաև այլ կարևոր ապրանքներ, այդ թվում՝ պարարտանյութ։

Պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը բազմիցս հայտարարել է, որ նեղուցով  երթևեկությունը «չի վերադառնա նախապատերազմյան վիճակին», իսկ անցյալ ամիս հայտնել, որ ստացել է ջրային ճանապարհին վճարվող առաջին եկամուտը։

Շաբաթ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել էր, որ Իրանը «պատրաստել է նեղուցով երթևեկությունը կառավարելու պրոֆեսիոնալ​​ մեխանիզմ», հավելելով, որ այն «շուտով կներկայացվի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment