22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը

Հասարակություն

18.05.2026 | 17:52

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am-ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին թեկնածուների ունեցվածքը։  

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն անցած 1 տարում ունեցել է 22 մլն 650 դրամ եկամուտ, որից 21 մլն 150 հազար դրամը՝ «Գալիք» ՍՊԸ-ից ստացված շահաբաժին է, 1․5 մլն դրամը՝ կենսաթոշակ։

ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Սարգսյանը նշել է 30․4 մլն դրամ, 100 հազար դոլար և10 հազար եվրո դրամական միջոցներ։ Նա բաժնեմասեր ունի «Գալիք» ՍՊԸ-ում՝ 50%, «Հատուկ ցեմենտ» ՓԲԸ-ում՝ 45 %, «Կավաշեն» ՍՊԸ-ում՝ 25 %։

Սարգսյանը հայտարարագրել է տուն Արարատում (800 քմ մակերեսով), «Li L7» մակնիշի  էլեկտրամեքենա (2025 թ․ արտադրության) և Mercedes G Class (1994թ․ արտադրության):

Նա թանկարժեք իրեր է հայտարարագրել․ ասեղնագործ սրբապատկեր, որի արժեքը նշել է «անգին», և գրիչների հավաքածու՝ 100 հազար դոլարից ավելի արժողությամբ։ Նկատենք, որ 2019-ին ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարելու կապակցությամբ իր ներկայացրած հայտարարագրում Սարգսյանը նշել էր նաև Cartier ժամացույց, որը ներկայիս հայտարարագրից բացակայում է։

 

Գայանե Խաչատրյան

Leave a comment