Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել

Քաղաքականություն

18.05.2026 | 22:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ Բաքվում երկու երկրների կառավարությունների միջև Վրաստան բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։

Բացի այդ, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման և Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տարանցման վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի նախագծի իրականացման շրջանակում Մարաբդայից մինչև Թուրքիայի Հանրապետության հետ սահման (Կարծախի) երկաթուղային հատվածի վերականգնման, վերակառուցման և կառուցման համակարգող խորհրդի 41-րդ նիստի արձանագրությունը։

Ալիևի և Կոբախիձեի հանդիպմանն անդրադարձ է եղել երկրների միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացմանը բազմաթիվ ոլորտներում՝ նշվել է երկկողմ օրակարգի լայնածավալ բնույթը: Ընդգծվել է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ, ներդրումային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման զգալի ներուժը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment