Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նամակ-համաձայնագրերի վավերացման հարցին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM) ասոցացված անդամ դառնալու մասին» և ««Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Զեկուցողը նշել է, որ նամակ-համաձայնագրերի վավերացումը բխում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքից: Ներկայում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությունն ունի 64 լիիրավ, 66 թղթակցային անդամ: Կշիռների և չափերի միջազգային բյուրոն ունի 64 լիիրավ անդամ և 37 ասոցացված անդամ: Նախաձեռնություններով առաջարկվում է չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին Հայաստանի անդամակցությունը՝ ի դեմս լիազոր մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, որը երկրի տարածքում ապահովում է չափումների միասնականությունը:
Փոխնախարարի խոսքով օրենսդրական չափագիտական հսկողությունը ոչ միայն ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունն առողջության պահպանության տեսանկյունից, այլև կարգավորում է սպառող-վաճառող-առևտուր հարաբերությունները:
Հայաստանի անդամակցությունը կառույցներին երաշխավորում է չափումների ազգային համադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման և ներմուծման գործընթացներում, հնարավորություն է տալիս համագործակցել տեխնիկական վերապատրաստման հարցերում, ինչպես նաև դերակատարություն ունենալ օրենսդրական հանձնարարականներում:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: