Ֆեյսբուքյան Կարեն Սյունեցի անունով օգտահաշիվը մայիսի 16-ին գրառում է արել՝ պնդելով, թե The New York Times ամերիկյան պարբերականը անդրադարձել է Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ցածր գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հավանականությունը։
Օգտահաշիվը կցել է նաև լուսանկար՝ ներկայացնելով, թե այն ամերիկյան լրատվամիջոցի համապատասխան հոդվածի էկրանապատկերն է։ Գրառումն ակտիվորեն տարածվում է սոցիալական մեդիայում (1, 2, 3 և այլն):
Մինչդեռ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ The New York Times-ը Հայաստանի ընտրությունների ու Փաշինյանի վերաբերյալ այսպիսի հրապարակում չի արել։
Միևնույն ժամանակ, որպես հոդվածի էկրանապատկեր ներկայացված լուսանկարում ակնհայտ են անփույթ խմբագրման (ֆոտոշոփի) հետքերը․ օգտագործվել են հայերեն տառեր։
Նման պնդում է տարածվել նաև @nikoleimtshnamina տիկտոկյան էջում․ հրապարակված տեսանյութում ամերիկաբնակ Վարդան Հակոբյանը վերլուծություններ է ներկայացնում այդ տեղեկության հիման վրա։
Էջն ակտիվորեն զբաղվում է հակաիշխանական քարոզչությամբ։
Հակոբյանի մեկնաբանությունները տիկտոկյան էջը վերահրապարակել է նրա յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութից, որում նա, ի թիվս այլ թեմաների, անդրադառնում է նաև ամերիկյան պարբերականի գոյություն չունեցող հրապարակմանն ու վերլուծություններ անում կեղծ տեղեկությունների հիման վրա։
Հակոբյանը նաև տեսանյութում Փաշինյանին վերագրում է գրառում, որը նա չի արել․ մասնավորապես վերջինս պնդում է, թե Փաշինյանը ժողովրդին անվանել է մի «ապերախտ խառնամբոխ»՝ գրելով, որ եթե ինքը չլինի վարչապետ իրեն կհոշոտեն։
Այսպիսով, Հայաստանի 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ սոցիալական մեդիայում տարածվել է կեղծ տեղեկություն, թե ամերիկյան The New York Times-ը հոդված է հրապարակել՝ կասկածի տակ դնելով Փաշինյանի հաղթանակի հնարավորությունը։
Սակայն նման հրապարակում իրականում գոյություն չունի, իսկ որպես «ապացույց» ներկայացված էկրանապատկերում նկատվում են ֆոտոշոփի հետքեր և անգամ հայերեն տառերի օգտագործում։ Նույն կեղծ պնդումը տարածվել է նաև TikTok-ում, որտեղ ամերիկաբնակ Վարդան Հակոբյանը դրա հիման վրա քաղաքական մեկնաբանություններ է արել ու Փաշինյանին վերագրել չարված հայտարարություն։
Նանե Մանասյան
The post The New York Times-ը հոդված չի գրել ընտրություններում Փաշինյանի վարկանիշի մասին․ Ամերիկաբնակ վերլուծաբանի կեղծ պնդումը appeared first on FIP.AM.