Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի և Դնեպրոպետրովսկի վրա. զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

04.02.2026 | 15:18

Ռուսական զորքերը փետրվարի լույս 4-ի գիշերը հարվածել են Օդեսային։ Երկու կին է վիրավորվել, որոնք տեղում բուժօգնություն են ստացել, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ քաղաքի երեք թաղամասերում վնասվել են քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքները. վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք, երկու մանկապարտեզ, մեկ դպրոց և արդյունաբերական օբյեկտի վարչական շենք։ Ավելի ուշ Լիսակը հայտնել է հարձակման հետևանքով հինգ վիրավորի մասին։

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական անօդաչուները գիշերը հարձակվել են Սինելնիկի շրջանի վրա։ Երկու մարդ է զոհվել՝ 68-ամյա կին և 38-ամյա տղամարդ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է  շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Հարվածի հետևանքով վնասվել են երեք մասնավոր տներ, ևս մեկն ավերվել է, վնասվել են նաև օժանդակ շինություններ և վարչական շենք։ Նիկոպոլի շրջանին հարվածի հետևանքով էլ ենթակառուցվածքներ և էլեկտրահաղորդման գծեր են վնասվել։

Ընդհանուր առմամբ, գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 105 անօդաչու թռչող սարք, որոնցից 88-ը չեզոքացվել է, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ուկրաինայի մի քանի շրջաններում էներգետիկ օբյեկտների վնասման պատճառով փետրվարի 4-ի առավոտից վերականգնվել են էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment