Միհրան Մախսուդյանի վզից էլ ոսկյա շղթան էին խլել, այդպես էլ չիմացանք, թե որ ոստիկանն էր հաջողացրել. փաստաբան

«Այս բոլոր դեպքերում, երբ հանիրավի հետապնդումներ են իրականացվում անմեղ մարդկանց նկատմամբ, կարծես թե, դա դարձել է նորմա: Ասում են՝ այդպես էլ պետք է լիներ, խնդիրը ո՞րն է, մի քանի ամիս անազատության մեջ գտնվեց, հիմա ազատության մեջ է: Ո՞վ է պատասխան տալու, խոսքը չի գնում իրավական պատասխանատվության մասին, ո՞վ է բարոյապես պատասխան տալու բոլոր այս մարդկանց անձնական տառապանքների համար»,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանի խոսքով՝ իր համար հասկանալի չէ՝ ո՞նց էր կարելի թույլ տալ, որ Լիդյան առհասարակ ենթարկվի քրեական հետապնդման ու կրի ազատության սահմանափակումներ. «Լիդյա Մանթաշյանը քանի անգամ հարկադրաբար տարվել է ոստիկանություն քաղաքական ակցիա անելու համար: Ի՞նչ է եղել այն ոստիկանների հետ, որոնք իրեն տարել են, արձանագրել են իրավախախտում, բայց հետամուտ չեն եղել, որ վարչական պատասխանատվության ենթարկվի, տուգանվի, որովհետեւ հասկացել են՝ հիմք չկա: Բայց իր կյանքից 2-3 ժամ կտրել են: Այդ իրավապահների վերադասից որեւէ մեկը իր ենթակային թեկուզ բանավոր դիտողություն արե՞լ է, թե ինչո՞ւ եք քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել:

Մենակ Լիդյայի մասին խոսքը չէ, Թոփալյան Արմենը, Աղվանը, Տիգրանն էլ Գալստյան էլի մի քանի օր ձերբակալված են եղել զենք պահելու կասկածանքով: Կեղծ օպերատիվ տվյալներ են ներկայացվել այս անձանց դեմ: Տեսնում ենք ՝ այդ փոքր գործերով համակարգն ինչպես է աշխատել, մարդկանց հանիրավի մեղադրել են զենք պահելու մեջ, նման բան չի եղել, բաց են թողել:

Հետո մի օր էլ որոշել են՝ եկեք այս մարդկանց ավելի խորը ցավեցնենք ու ոչ ավել, ոչ պակաս՝ ահաբեկչության մեղադրանքներ: Միհրան Մախսուդյանին ձերբակալում են քաղաքական ակցիայի ժամանակ, ինչո՞ւ՝ փողոց էր փակել: Ծեծելով տարել էին, հասցրել հիվանդանոց՝ գանգուղեղային վնասվածքով, ճանապարհից էլ վզից խլել էին ոսկյա շղթան, այդպես էլ չիմացանք, թե որ ոստիկանն էր այդ պահը հաջողացրել»:

Խուդոյանն ասաց նաեւ՝ այս գործով իրավապահների ապօրինի բոլոր միջամտությունները քննության առարկա են դարձնելու ապացույցների հետազոտման փուլում ու չի լինելու մեկ մարդ, որը կասկած է ունենալու, որ այս գործով անցնող անձինք որեւէ վատ բան էին ուզում անել:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment