«Ազգակործան պատուհասը Լևոնի ու Վանոյի ստեղծած հաղթանակած պետությունը կերավ, մարսեց, հիմա էլ սեփական մաղձն է դուրս թափում։ Տեր-Պետրոսյանի «-25»-ն անգամ քաղաքական կշիռ է, իսկ Նիկոլի «պլյուսները»՝ Եռաբլուրի նոր շիրիմների քանակը։
Նրա միակ քաղաքական «նվաճումը» հաղթանակած ժողովրդին կապիտուլյանտ սարքելն ու պետականության գերեզմանափոր դառնալն է։ Թող աղմկի` որքան ուզում է, այնքան ապաշնորհ է, նույնիսկ Հերոստրատի փառքին չի ձգտում»,- Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում արված որոշ արտահայտություններ՝ նշեց ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար, քաղաքագետ Տաթև Զորյանը։
Աջափնյակում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը, խոսելով մարտի 1-ի մասին, ասել էր, թե գործը բացահայտված է 100 տոկոսով, նաև նշել էր. «Մեր ժողովրդի առողջության մասին ընդհանրապես մի միստիկ պատմություն է, թե ոնց էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուս-ուսի տված կանգնել և մեր իշխանության դեմ փրկում էին հայրենիքը։ Եվ դա է պատճառը նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր քաղաքական ուժը բառիս բուն իմաստով զրո էլ չի՝ մինուս քսանհինգ է։ -25. դա ժողովրդի վերաբերմունքն է այդ անողնաշարությանը, այդ անսկզբունքայնությանը, այդ եղկելիությանը, այդ բացարձակ բոլոր բարոյական, քաղաքական, տրամաբանական…
Վանո Սիրադեղյանը մի շատ լավ արտահայտություն էր արել ուրիշ առիթով, ուրիշ մարդկանց առիթով։ Ո՞վ կմտածեր, որ այդ ասածի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Վանո Սիրադեղյանն այսպիսի մի արտահայտություն էր արել. «Շատ կարդացած, քիչ հասկացած»… Հետադարձ կասկած ունեմ, որ ինքը դա գրելիս նկատի է ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ինքը թերևս ամենաշատն էր ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես ուղիղ ասում եմ՝ չգիտեմ, դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկ կլինի թե չլինի, բայց «շատ կարդացած, քիչ հասկացած»՝ սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: