ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով

Քաղաքականություն

14.05.2026 | 18:02

Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրությունների համաձայն՝ մայիսի 13-ին ժամը 8:00-ից մինչև 18:30-ը երկիր են ներխուժել «Շահեդ», «Գերբերա» և «Իտալմաս» տեսակի 753 հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «խայծ անօդաչուներ», գրում է The Insider-ը։

Մայիսի լույս 14-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի վրա են արձակել առնվազն 675 անօդաչու թռչող սարք։ Այսպիսով, մեկ օրում երկիրը հարձակման է ենթարկվել առնվազն 1428 անօդաչու թռչող սարքերի կողմից։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 1362 անօդաչու թռչող սարք է խոցվել կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից։ Գրանցվել է առնվազն 50 անօդաչու թռչող սարքի հարված, ինչպես նաև 44 վայրերում  խոցված ԱԹՍ-ների բեկորներ են ընկել։

Բացի այդ, մայիսի 13-ի երեկոյից ի վեր Ուկրաինայի տարածքում խոցվել է տարբեր տեսակի 41 հրթիռ։ Դրանցից տասնհինգը հարվածել են իրենց թիրախներին։

Անօդաչուների զանգվածային հարձակման հիմնական թիրախն Ուկրաինայի արևմտյան շրջաններն են եղել։ Մայիսի 13-ի երեկոյան Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու էթնիկ հունգարացիներով բնակեցված Անդրկարպատյան շրջանի վրա հարձակման դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment