Չինաստանը օգտագործում է ԱՄՆ–Իրան պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակը՝ իր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ ռազմական, տնտեսական, դիվանագիտական և տեղեկատվական ուղղություններով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության գաղտնի գնահատականին։
Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը պատրաստվել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյն-ի համար։
Վերլուծության համաձայն՝ Պեկինը զինտեխնիկա է մատակարարել Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին, որոնք ենթարկվել էին իրանական անօդաչուների և հրթիռների հարձակումներին։ Բացի այդ, Չինաստանը ընդլայնել է էներգետիկ աջակցությունը այն երկրներին, որոնք տուժել էին Հորմուզի նեղուցում ճգնաժամի հետևանքով։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Պեկինը հավաքել է հետախուզական տվյալներ ամերիկյան զինված ուժերի գործողությունների և կիրառվող սպառազինության վերաբերյալ։
Միաժամանակ, ըստ զեկույցի, հակամարտությունը հանգեցրել է ամերիկյան զինամթերքի պաշարների կրճատման, որոնք կարող էին անհրաժեշտ լինել Թայվանի շուրջ հնարավոր ճգնաժամի դեպքում։ Այդ ֆոնին Չինաստանը փորձում է Վաշինգտոնին ներկայացնել որպես ուժ, որը ապակայունացնում է համաշխարհային կարգը։