Մեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հզոր Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա տնային կալանքի տակ է և չի կարող հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։
Կարապետյանը հավելեց, որ անձամբ է տեսել ադրբեջանական ուժերի առաջխաղացումը Սոթքից մինչև Կարմիր լճեր ընկած հատվածներում՝ նշելով, որ հակառակորդն առանց որևէ դիմադրության դիրքեր է զբաղեցրել Վարդենիսի լեռներում:
Նրա խոսքով՝ սահմանների պաշտպանության բացակայության և ապագայի հանդեպ վախի պատճառով միայն Վարդենիսից կարճ ժամանակահատվածում հեռացել է ավելի քան 2000 մարդ, իսկ շատ գյուղեր փաստացի դատարկված են։
Կարապետյանը նաև լուրջ մտահոգություն հայտնեց Հայաստանը հարյուր հազարավոր ադրբեջանցիներով վերաբնակեցնելու՝ իշխանությունների ծրագրերի վերաբերյալ և ասաց, որ դա կհանգեցնի սահմանամերձ շրջանների և Սյունիքի վերջնական կորստին։