Reutersի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը պահանջել է, որ այս շաբաթ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի ունենան Օմանում, այլ ոչ թե Թուրքիայում, և, որ միայն միջուկային հարցերի շուրջ երկկողմանի բանակցություններ լինեն, մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է ներառել այլ թեմաներ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները և Իրանի պրոքսիների գործունեությունը տարածաշրջանում։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպման վայրն ու օրակարգը փոխելու Թեհրանի որոշումը տեղի է ունենում ԱՄՆ սպառնալիքների ֆոնին, որ Իրանը պետք է բանակցությունների նստի միջուկային ծրագրի շուրջ։ Տարածաշրջանի երկրներն էլ, մտավախություն ունենալով, որ լարվածությունը կարող է ավելի լայն պատերազմի վերածվել, կոչ են անում խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել և ջանքեր են գործադրում, որպեսզի կողմերը բանակցեն:
Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ օրը կհանդիպեն Ստամբուլում՝ բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ: