Քննարկվել են COP17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատասխանատուներին


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուներին և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հետևաբար և պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման զգալի փորձ ունի։


Նախարարն այդ համատեքստում ընդգծել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ իրականացումը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։


Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև միջազգային գործընկերների հետ երկխոսելու, ինչպես նաև առաջնահերթություններն ու նպատակները հստակեցնելու կարևորությունը, ինչը թույլ կտա նախապես նույնականացնել հնարավոր մարտահրավերներն ու մշակել արդյունավետ լուծումներ։


Կարևորվել է պատասխանատու այլ պետական մարմինների հետ սերտ փոխգործակցության, անվտանգային միջոցառումների համաժամանակեցման և տեխնիկական մանրամասների հստակեցման անհրաժեշտությունը։


Համաժողովի անվտանգային միջոցառումների համակարգող Իսմեթ Բայրամովիչը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել անվտանգային միջոցառումների համակարգման հարցում ՆԳ նախարարության պատրաստակամությունը։ Նա շեշտել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն իսկ հաջողվել է կարգավորել ընթացիկ մի շարք հարցեր։


Աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կարևորվել է հետագա քննարկումներում պատասխանատու այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավումը։


ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը և Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը պատվիրակության հետ առանձին ձևաչափով քննարկել են համաժողովի ընթացքում իրականացվելիք անվտանգային համալիր միջոցառումների մանրամասները։


Անդրադարձ է կատարվել հասարակական կարգի պահպանմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանն ու գործնական այլ մանրամասների։


Ընդգծվել է քաղաքացիների բնականոն տեղաշարժի ապահովման կարևորությունը։ Քննարկվել է այլընտրանքային երթուղիների մշակման հարցը՝ տրանսպորտային հոսքերի հնարավոր խոչընդոտները նվազագույնի հասցնելու նպատակով։


Անվտանգային միջոցառումների իրականացման մանրամասների շուրջ քննարկումները շարունակվում են։

Դիտումների քանակ8

Leave a comment